«Չեմ կարծում, որ Վանաձորում կունենանք նոր ընտրություններ» (տեսանյութ)
ՀՀԿ-ն հնարավոր չի համարում Վանաձորի ավագանու նոր ընտրությունները, նույնիսկ եթե ընդդիմադիր խմբակցությունները շարունակեն իրենց բոյկոտը։ «Նորից ընտրություններ եւ այլն, դրանք մի 6-7 ամիս կամ մեկ տարի լավագույն դեպքում կարող են ձգձգվել. չեմ կարծում, որ սոցիալական խնդիրներն այդքան կարող են սպասել: Չեմ կարծում նաեւ, որ գործը կհասնի նրան, որ մենք Վանաձորում կունենանք նոր ընտրություններ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: ՀՀԿ-ն, ինչպես եւ սպասվում է, մյուս ուժերի նման պատրաստվում է ԱԺ-ի ընտրություններին։ Ներկայումս հստակեցվում, ճշգրտվում են ցուցակները, ընտրում են հիմնական դերակատարներին. «Բոլոր քաղաքական ուժերի մոտ կարծես թե այդ հույսն ու հավատը վերականգնվել է, որ ընտրությունների միջոցով կգան իշխանության ու կփորձեն իրենց ծրագրերը իրականացնել»: ՀՀԿ-ն իրեն համարում է քաղաքական դաշտի հիմնական դերակատար եւ նորմալ է համարում, որ բոլորը հենց իրեն են տեսնում որպես մրցակից: Միաժամանակ իշխող քաղաքական ուժը չի ընդունում այն քննադատությունը, թե համամասնական նոր ընտրակարգն իրականում քողարկված մեծամասնականն է. «Այս ընտրակարգով առնվազն այդ 13 ընտրատեղամասում ընդդիմությունը կարող է հավաքական կերպարի առումով, ամենատարբեր հաշվարկներով 7 կամ 5 քաղաքական ուժ, եթե մասնակցի, 20 թեկնածու ՀՀԿ մեկ թեկնածուի դեմ կարող է առաջադրվել: Արդյոք սա ավելի շատ մրցակցություն չի՞ ապահովում»: Պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին, սակայն ընդդիմադիրներն արդեն հայտարարում են, թե կան ուղղորդումներ, թաքնված քարոզչություն: Խոսքը վերաբերում է Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին, որը պատարագի ժամանակ կոչ է արել Վանաձորի ավագանու անդամներին համախմբվել, չբոյկոտել նիստերն ու լծվել քաղաքի կառուցմանը. «Ցավում եմ, որ մեր որոշ գործընկերներ ԼՀԿ-ից փորձում են նաեւ հոգեւորական աշխարհը խառնել, որպեսզի իրեն ավելի արժեւորված ու կարեւորված զգա: Եթե հոգեւորականը խաղաղության, համախմբման կոչ է անում, այդ կոչը չի անում իշխանության շուրջը կամ նկատմամբ»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին անդրադարձել են տարեվերջին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։ Նրանք կողմերին կոչ են արել դադարեցնել փոխադարձ մեղադրանքները, վերադարձնել աճյունները ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները տեղում իրավիճակը կայունացնելու համար. «Նման կրավորական, անատամ, ոչ հասցեական հայտարարությունները ծնում են նոր դիվերսիոն հարձակումներ: Այն տեխնիկան, որ կա առաջնագծում թույլ է տալիս հասկանալու, թե ով է նախաձեռնողը կամ հարձակվողը»: Համանախագահներն իրենց հայտարարության մեջ նաեւ ցավակցություն են հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և բոլոր հայերին ու ադրբեջանցիներին, որոնց համար Նոր տարվա հետ կապված հույսերը մթագնեցին անիմաստ կորստի վշտից: