Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճաղերի հետևում ոչ մի իրավապահ չհայտնվեց. մարդու իրավունքները՝ 2016-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
mardu-iravunqner-nkar

Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2016 թվականին վատթարացել է։ «Գերակշռող էին վատ երևույթները՝ բացասական, և շատ ավելին էին, քան նախորդ տարիներին։ Ընդ որում՝ գլոբալ խախտումներ էին»,- «Ա1+»- հետ զրույցում կարծիք է արտահայտում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Մարդու իրավունքների ոտնահարումները զանգվածային բնույթ ստացան այս տարվա ամռանը։ Ոստիկանությունը պարբերաբար բռնի ուժ էր կիրառում Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից հետո փողոց դուրս եկած քաղաքացիների նկատմամբ։ Հիմնավոր բացատրություն չէին ստանում բերման ենթարկելու դեպքերը։ Խոչընդոտվում էր բաժանմունքներ այցելած փաստաբանների աշխատանքը։ «Հուլիսի իրադարձությունները արտառոց էին և գերազանցում էին նախորդ տարիներին ոստիկանական բռնություններին, ոստիկանության կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, որոնք միջազգային հանրությունը գնահատեց պարբերաբար անհամաչափ ուժի կիրառում»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը։ Հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցածից հետո պաշտոնանկ եղավ Երևանի փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Մի քանի ոստիկանների նկատողություն հայտարարվեց, սակայն ճաղերի հետևում ոչ ոք չհայտնվեց։ Կատարվածին Սերժ Սարգսյանի գնահատականն էլ զերծ էր իրավական խոսքից։ «Ոստիկանությունը Հայաստանում անպատիժ է և անում է այն, ինչ մտքով անցնում է։ Պետությունն ամբողջովին պաշտպանվում է ոստիկանական ուժերով, Սերժ Սարգսյանը դրական գնահատական տվեց լրագրողների և Հայաստանի քաղաքացիների վրա բարբարոսական հարձակումներին»,- ասում է իրավապաշտպանը։ Այս տարի փոխվեց գլխավոր դատախազը՝ Գևորգ Կոստանյանին փոխարինեց Արթուր Դավթյանը։ Իրավապաշտպանը դեռ չի նկատել գոհացուցիչ դատախազական հսկողություն հատկապես զինվորական գործերի ընթացքի նկատմամբ, բայց արդյունքների սպասում է։ «Բողոքի ակցիաներ մշտական անցկացնող զինծառայողների ծնողներին է ընդունել, լսել է նրանց գործերը,  դեռ արդյունքները չկան, բայց հուսամ, որ ինչ- որ բան կփոխվի։ Այս պահին ծնողները դադարեցրել են իրենց բողոքի ակցիաները և սպասում են գլխավոր դատախազի հայտարարությանը։ Եթե չեն պատժելու մեղավորներին, ուրեմն պետք է այն մարմինները պատժվեն, որոնք կոծկել են քրեական գործերը»,- ասում է իրավապաշտպանը։ Ընդդեմ  Հայաստանի Հանրապետության Եվրադատարանի այս տարվա  կայացրած  որոշումներից մեկն առանձնահատուկ էր. առաջին անգամ որոշում էր կայացվել խաղաղ պայմաններում մահացած զինվորի գործով։   Հայաստանի իշխանությունները պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում զինծառայող Սուրեն Մուրադյանի մահվան գործով ոչ արդյունավետ քննության համար։ Ժաննա Ալեքսանյանը նշում է. «Հանցագործությունների բացահայտման առումով ոչինչ չի փոխվում այս երկրում։ ՄԻԵԴ-ը բոլորովին վերջերս զինվորական գործով առաջին վճիռն է կայացրել, սա պետք է որ ներգործություն ունենա, բայց մեր երկրում ոչ մի բան չի փոխվում։ Բազմաթիվ զինվորական գործերով են Եվրադատարան դիմել, և Հայաստանի իշխանություններն ստիպված են լինելու մտածել այդ մասին»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Իրավապաշտպանին չեն համոզում արդարադատական համակարգում այսուհետ օրենքի գերակայության մասին պաշտոնյաների հավաստիացումները։ «Ես չեմ հավատում, որ որևէ օրենք գործելու է այնպես, ինչպես հրապարակված է»։ Իրավապաշտպանին  այս գնահատականը տալու հիմքեր են տալիս հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերի ներկայիս ընթացքը՝ լի իրավախախտումների մասին բարձրաձայնումներով։