«Մեր երկրում մոնոպոլիստական գաղափարներ չկան». նախարար (տեսանյութ)
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին տնտեսական ծրագրերը բաժանեց չորս հիմնական խմբերի: Առաջնահերթ նա անդրադարձավ արտահանմանը՝ նշելով, որ այն մեր տնտեսության զարգացման շարժիչ ուժն է. «Մենք այս տարի ունեցել ենք ռեկորդային 21 տոկոս արտահանում, իսկ վերջին եռամսյակում այն կազմել է 25 տոկոս: Այս ցուցանիշները, սակայն, մեզ այնքան էլ չեն գոհացնում, քանի որ ՀՆԱ-ում այն կազմում է 30 տոկոս, իսկ մենք ամեն ինչ պետք է անենք, որ արտահանումը հասնի մինչեւ 40-50 տոկոսի»: Ըստ նրա՝ շարունակում է խնդրահարույց լինել արտահանման կենտրոնացման մեծ աստիճանը ինչպես շուկաներում, այնպես էլ արտադրանքներում. «Մենք պետք է դիվերսիֆիկացնել մեր արտահանումը: Օրինակ՝ դեպի ՌԴ արտահանումը կազմում է մեկ շնչին 1,7 ԱՄՆ դոլար, իսկ Իրանի դեպքում՝ մեկ դոլար. կա բավականին չօգտագործված ներուժ: Ինչ վերաբերում է ԵՏՄ արտահանմանը, ապա պետք է արտահանենք փոքր ծավալներով աշխատող ընկերությունների ապրանքներ, որպեսզի նրանք կարողանան իրենց ծավալները մեծացնել»: Նախարարն ընդգծեց, որ ստեղծելու են օտարերկրյա ներդրումների պաշտպանության ինստիտուտ. «Նաեւ նոր օրենքի նախագիծ, որը ավելի պրակտիկ կդարձնի վեճերի լուծումը: Օրենքի շնորհիվ ոչ մի խտրական մոտեցումներ չեն կիրառվելու, ու ներդրողները հնարավորություն են ունենալու այլընտրանքային լուծումներ գտնել»: Իսկ ՀՀ-ում, ըստ նրա, հնարավոր է ներդրումներ իրականացնել. «Ունենք արդեն 160 ծրագիր, որից 110-ը մարզերից է: Զարգացման հայկական հիմնադրամի հետ միասին ներդրել ենք մեկ պատուհանի սկզբունքը: Եկող տարվա առաջին եռամսյակում արդեն կտեսնենք ութ նոր ծրագրի իրականացում, որը կբերի երեք մլրդ դրամի ներդրում եւ կստեղծի ինը հարյուր նոր աշխատատեղ: Մենք պետք է նաեւ այնպես անենք, որ մեծացնենք ՀՀ ներդրումային միջավայրի միջազգային ճանաչողությունը՝ ներկայացնելով մեր պոտենցիալ հնարավորությունները»: Դիտարկմանը, որ ՊԵԿ հրապարակած հինգ հարյուր խոշոր ընկերություններից 296-ը ռիսկային գոտում են ու տեղական ներդրողներ հիմնականում չկան, նախարար Կարայանը նշեց, որ պատճառն այն է, որ բավականաչափ հստակ չէ ընկերությունների համագործակցությունը կառավարության հետ. «Արդեն կա այն տրամադրվածությունը, որ ՀՀ-ում գործող կազմակերպությունները պատրաստ են նոր ներդրումներ անել: Ռիսկայնության առումով նաեւ այդ ընկերությունների մեղքն էլ կա. նրանք ժամանակին խախտումներ են թույլ տվել պետության հետ շփումների մեջ, մասնավորապես հարկային դաշտում: Այնպես որ, այստեղ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ: Բոլոր այն ընկերությունները, որոնք պետության հետ կաշխատեն բաց ու թափանցիկ, մենք նրանց կողքին կլինենք»: Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության հիմնական խնդիրներից մեկի՝ մենաշնորհների առկայությանը, ապա Սուրեն Կարայանը վստահեցրեց, որ կան միայն բնական մենաշնորհներ. «Մնացածը գերիշխող դիրք զբաղեցնողներ են: Շուկան բաց է: Երբ խոսակցություն եղավ ապրանքների գծով, ինքներդ համոզվեցիք, օրինակ՝ բանանի դեպքում: Ներկա իրականության մեջ սահմանափակումներ ու մոնոպոլիստական գաղափարներ չկան»: