Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

P. S. ռետրո. Վանո Սիրադեղյանի անձը ՀՀՇ-ում մեծ հակամարտության թեմա էր դարձել (տեսանյութ)

Քաղաքականություն
MUcM1HfhsOM

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը 1998-ի ամռանը համաձայն չէր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ժողովուրդն սկսեց ատել կոմիտեին. «Մենք ուղղակի ժողովրդի կամքով եկանք իշխանության եւ գուցե պետք չէր գործադիր իշխանությունը վերցնել»: Սամվել Գեւորգյանը սակայն չի ժխտի, որ ինքը եւ ՀՀՇ-ն հաստատ Անկախության ձգտող կոմիտեի այլ  անդամներ Վազգեն Մանուկյանի կամ Դավիթ Վարդանյանի սիրելիները չեն. «Վազգեն Մանուկյան, Դավիթ Վարդանյան էդ ճեղքումը երբ եղավ, զուտ անձնական բան էր, զուտ առաջինը լինելու մարմաջի հետեւանքն էր դա, գաղափարախոսական ոչ մի տարբերություն չի եղել»: Ընդամենը մի քանի ամիս առաջ էր ՀՀՇ-ն կորցրել իշխանությունը եւ Հայաստանում ոչ ոք չգիտեր, թե կուսակցությունն ընդդմիադի՞ր է Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը, թե՝ ոչ: Սամվել Գեւորգյանը կարծում է, որ իրենք պետք է ընդդիմադիր լինեն. «Մենք փոքրամասնություն ենք, մեր գաղափարախոսությունը մղվել է ետին պլան, այն գաղափարախոսությունը, որով մենք եկանք, այսինքն, սեփական ուժերին վստահել»: Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը սեփական ուժերին չի վստահում, ավելին, փչացնում է հարաբերությունները հարեւանների հետ, որոնք մեր հետ փորձում են կապեր հաստատել, Թուրքիայից էին հրավիրում նախագահին, Ադրբեջանից էին հրավիրում, բոլորին մերժեցին. «Դա մանկամիտ քաղաքականություն է այն քաղաքականությունը, որը դարասկզբին էլ եւ դրանից առաջ՝ 19-րդ դարավերջից, մեզ կործանման տարավ»: Պետությունն, ըստ Սամվել Գեւորգյանի, պետք է զերծ մնա Հայ դատական գաղափարախոսությունից: ՀՀՇ-ն այստեղ անելիք ունի: Ինքը թունավոր եւ դարպասներ ջարդող ընդդիմություն չի լինի, թեպետ կան կասկածներ, որ ՀՀՇ-ն իրականում իշխանության հետ գաղտնի կապեր ունի: Պարոն Գեւորգյանը դա չի հերքում եւ ակնարկում է, որ այդ կապերը կազմակերպության ղեկավար Վանո Սիրադեղյանինն են. «Կազմակերպության մեջ կարող են լինել եւ վեճեր, եւ տարակարծություններ, եւ տարբեր մտածելակերպ, բայց դա չի նշանակում, որ մեկ անձը պիտի կարողանա թելադրել ինչ-որ բաներ»: Վանո Սիրադեղյանի անձը ՀՀՇ-ում մեծ հակամարտության թեմա էր դարձել. Ազգային ժողովի ՀՀՇ-ական նախկին փոխնախագահներ Արա Սահակյանը եւ Կարապետ Ռուբինյանը վստահեցնում են, որ այն դարձել է մեկ անձի կուսակցություն: Առաջինին հեռացրել էին կուսակցությունից, երկրորդին՝ վարչությունից: Պարոն Գեւորգյանը համաձայն է, որ նրանց հետ դաժան վարվեցին. «Պետք էր ուղղակի մարդկանց հրավիրել եւ ասել՝ դուք բացակայում էիք, կամ չգիտեմ ինչ, այսպիսի հարց ենք դնում, նրանց բացատրությունը լսել: Ես այդ ձեւը չեմ ընդունում»: Ի դեպ, պարոն Գեւորգյանն ընդունում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներքին քաղաքականության մեջ սխալներ է թույլ տվել, սակայն գոնե Ղարաբաղի հարցում նա հաղթել է: «Ղարաբաղ» կոմիտեի անդամը մինչեւ կյանքի վերջը մնաց Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցը: Նա մահացավ 2014-ի հունիսին, ուղեղի կաթվածից: