Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանր ու դժվար ծնված փաստաթուղթ (տեսանյութ)

Տնտեսություն
gov5

Գործադիր մարմինն այսօր հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության նիստում ասաց, որ այս պայմանագիրը գերակայում է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ, բացառությամբ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ օրենսգիրքը պետք է մաքսիմալ ադապտացնել գործող օրենքներին։ «Ծանր ու դժվար ծնված փաստաթուղթ է»,- հավելեց վարչապետը: Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին: Օրենսգիրքը նախատեսում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետություններ երրորդ` ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման և նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները: Օրենսգրքում որպես հիմնական սկզբունք նշված է, որ մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային ձևով: Նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները: Մասնավորապես, սահմանված բոլոր փաստաթղթերի ներկայացման պարագայում ապրանքների բացթողումը կատարվում է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում (ներկայումս սահմանված է մաքսային հայտարարագրի գրանցումից հետո 1 աշխատանքային օր): Ներկայումս գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված է 2 ամիս ժամանակավոր պահպանության ժամկետ` ևս 2 ամիս երկարաձգման հնարավորությամբ: Օրենսգրքով վարչարարական գործընթացների պարզեցման նպատակով նախատեսվում է սահմանել միանգամից 4 ամիս ժամկետ` առանց երկարաձգման հնարավորությունների: Հստակեցվել են ապրանքների մաքսային ընթացակարգերով ձևակերպման պայմանները, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտավորությունների առաջացման, դադարեցման և կատարմանն առնչվող դրույթները: Նոր օրենսգրքով սահմանվել են նաև «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» և  հատուկ մաքսային ընթացակարգերը: Կարևորելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այն  պետք է մաքսիմալ ադապտացնել մեր գործող օրենքներին և կիրառման գործընթացը շատ մատչելի դարձնել: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ Մաքսային օրենսգրքում ֆիքսած է մեր ազատ տնտեսական գոտին Իրանի սահմանին: