«ԵՏՄ-ն՝ հայ-վրացական բիզնեսի զարգացման խոչընդոտ» (տեսանյութ)
«2016 թվականը Հայաստանի տնտեսության համար բարդ տարի էր »,-այսօր «Հայաստան-Վրաստան տարածաշրջանային տնտեսական խնդիրներն ու հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը. «Մեծ հաշվով՝ 2016 թվականը բաց թողնված հնարավորությունների տարի էր: Այն ոլորտները, որոնք վատ վիճակում են՝ գյուղատնտեսություն, շինարարություն, մեծ ազդեցություն ունեն տնտեսական աճի վրա, այդ պատճառով ունենք այս պատկերը»: Պարոն Մարգարյանի խոսքով՝ ներդրումների առումով նույնպես տարին բարենպաստ չէր. «Այն աղբյուրները, որոնք ավանդաբար սնուցել են ՀՀ որոշ ոլորտներ՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա, շինարարություն, այդ աղբյուրների ցամաքելը իր ազդեցությունն է թողել ՀՀ տնտեսության զարգացման վրա»,- նշեց նա՝ հավելելով, որ այս տարվա ինը ամիսների ընթացքում մեր երկրում 92 միլիոն դոլարի ներդրում է եղել, ինչը չնչին թիվ է: Ատոմ Մարգարյանը հավելեց, որ այս տարի գնանկումը կազմել է 1,4 տոկոս, ինչը մակրոտնտեսական պահանջարկի անկման խոշոր ցուցանիշ է: «Ներքին պարտքը 45 տոկոսով աճել է: Կառավարությանը՝ Կենտրոնական բանկի աջակցությամբ, հաջողվեց բյուջետային կայունությունը ապահովել ներքին պարտքի ավելացման հաշվին»,- ասաց տնտեսագետը: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցում էր նաև Վրաստանի Policy and Management Consulting Group-ի հետազոտությունների տնօրեն Մայա Գրիգոլիան, ում խոսքով՝ Վրաստանում 2016 թվականին տնտեսությունն աճել է 2,3 տոկոսով. «Այս տարի տնտեսական լուրջ մարտահրավերներ ենք ունեցել: Տնտեսական հիմնական խնդիրն այն է, որ լարիի նկատմամբ արտարժույթի փոխարժեքը մնում է բարձր: Վրաստանում վարկավորման մեծ մասը կատարվում է դոլարով, բայց քանի որ լարիի գինն ընկնում է դոլարի համեմատ, դա մեծ խնդիր է մեզ համար »,-նշեց Գրիգոլիան՝ հավելելով, որ Վրաստանում ներմուծումները աճել են, իսկ արտահանումը՝ նվազել: Policy and Management Consulting Group-ի տնտեսության ոլորտի հետազոտող Շուշանիկ Սաֆարյանի խոսքով էլ՝ Վրաստանում բավականին բարենպաստ հարկային պայմաններ են ստեղծված, որոնք կարող գրավել հայ գործարարներին. «Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում զգայուն փոփոխություններ են տեղի ունենում ԵՏՄ-ին ինտեգրման հետ կապված, և, ամենայն հավանականությամբ, օրենսդրական փոփոխություններ տեղի կունենան ձեռնարկատիրության ոլորտում, որոնք կարող են իրականում խոչընդոտներ ստեղծել Վրաստանում հայկական բիզնեսի ձևավորման համար»: Սրան ի պատասխան՝ Ատոմ Մարգարյանը ավելացրեց, ոչ ԵՏՄ ֆորմատը դեռևս լուրջ, շոշափելի զարգացման ազդակներ չի տալիս ՀՀ տնտեսության համար: Քննարկման բանախոսներից Աշոտ Խուրշուդյանն էլ հավելեց, որ Հայաստանից ապրանքների ամենաշատ տեսականին արտահանվում է երկու երկիր՝ Վրաստան և Ռուսաստան. «Սա նշանակում է, որ պետք է շարունակենք զարգացնել տնտեսական կապերը Ռուսաստանի և հատկապես Վրաստանի հետ»: Շուշանիկ Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, վերացվեց ավելացված արժեքի հարկը ԵՏՄ երկրների հետ առևտրի շրջանակներում: «Վրաստանը Հայաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունի, բայց, եթե ՀՀ քաղաքացին ցանկանում է Վրաստանից մեքենա գնել, ապա 20 տոկոսով ավելի թանկ պետք է վճարի: Բնականաբար, նա կնախընտրի մեքենա ներկրել ՌԴ-ից: Այսպես, նախորդ տարի Վրաստանի և Հայաստանի միջև մեքենաների առևտրային շրջանառությունը նվազել է 60 տոկոսով»: https://youtu.be/nB0z07ZAeDM