3 վարկային պայմանագիր՝ 180 մլն դոլարով պետական պարտքի ավելացում
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ Գյումրիի մի շարք վթարային շենքերի, մասնավորապես Անտառավան թաղամասում գտնվող շենքին՝ ահազանգելով. «Հարգելի գործընկերներ, մարդիկ այդ շենքից էվակուացնում են երեխաներին: Ամանորի շեմին նրանք գալու են կառավարության մոտ՝ վրաններ են խփելու: Վեջին ձնաբուքի ժամանակ ձյունը լցվել է տները: Եթե օպերատիվ այս շենքի հարցը չլուծվի, ապա լուրջ վտանգի առաջ կարող ենք կանգնել՝ այն կարող է փլուզվել մարդկանց վրա»: «Ընդմիջմանը խնդրում եմ մոտենալ՝ քննարկենք այդ հարցը»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն իր հերթին հայտարարեց, որ այս արտահերթ նիստին քննարկվելու է վարկային երեք պայմանագիր. «Դա նշանակում է, որ 180 մլն դոլարով պետական պարտքը կարող է ավելանալ: Սա անթույլատրելի է, հատկապես երբ այդ նախագծերը բերվել են տարեվերջին ու արտահերթ կերպով»: «Խնդիրը դեռ նոր պետք է քննարկվի»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը: Այնուհետեւ, ԱԺ-ն սկսեց քննարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն ներկայացնում է Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը: Նախագծով առաջարկվում է ինտերնետային շահումով խաղերի պետական տուրքը հարյուր միլիոնի փոխարեն սահմանել հինգ հարյուր միլիոն դրամ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատեց. «Մի քանի օր առաջ անցկացրինք արտահերթ նստաշրջան, որտեղ քննարկման դրվեցին բազմաթիվ օրենքների նախագծեր, դուք նո՞ր եք նկատել, որ կար անհրաժեշտություն համապատասխանեցնել Հարկային օրենսգիրքը «Պետական տուրքի մասին» օրենքի հետ: Դա կարող էիք նախորդ նիստում անել, ինչո՞ւ եք այսքան ուշ այդ ամենը նկատում»: Ի պատասխան Կարեն Թամազյանն ասաց, որ տարբեր մարմինների են ուղարկել այս նախագիծը՝ կարծիքներ ստանալու համար. «Հիմա է հավանություն տրվել, դրա համար հիմա ենք ԱԺ ներկայացրել: Բավարարե՞ց ձեզ իմ պատասխանը»: «Բայց դուք լավ պատասխանեցի՞ք, որ բավարարեր: Եթե դա է պատասխանը, ապա մենք շատ լուրջ կասկածներ ունենք կառավարության պրոֆեսիոնալիզմի ու կոմպետենտության վրա»,- արձագանքեց Լեւոն Զուրաբյանը: Ի դեպ, օրակարգի հաստատման ժամանակ ՀՀԿ պատգամավորներ Ալեքսան Պետոսյանը, Մուրադ Մուրադյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Վազգեն Կարախանյանը քվեարկեցին բացակա գործընկերների փոխարեն: