Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե իշխանությունները փորձեն կեղծել ընտրությունները, կրկին կգործի Սասնա ծռերի տարբերակը» (տեսանյութ)

Քաղաքականություն
dallakyan1

Նախագահականում պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Վիկտոր Դալլաքյանն անդամակցել է «Երրորդ հանրապետություն» կուսակցությանը, և այժմ այդ կուսակցության փոխնախագահն է։ Այժմ կուսակցության նախագահն է Էդուարդ Անտինյանը, որը հրաժեշտ կտա իր պաշտոնին՝ դեկտեմբերի 23-ին նախատեսված 7-րդ համագումարից առաջ։ «2016-ին Հայաստանում 3 հիշարժան իրադարձություն է տեղի ունեցել՝ ապրիլյան պատերազմ, Սասնա ծռերի գործողություն և նոր վարչապետի նշանակում։ Ապրիլին Ադրբեջանին հաջողվեց Ղարաբաղի շուրջ ստատուս քվոյի փոփոխությունը դարձնել ընկալելի միջազգային հանրությանը։ Հայաստանը ցավոք սրտի առաջնորդվում է ստատուս քվոյի փոփոխման տեսալականով։ Հայաստանում գործող մաֆիոզ, կլանային, օլիգարխիկ համակարգը չի կարող Ադրբեջանի հետ մրցակցել։ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և Հայաստանի իշխանությունները պետք է հեռացվեն իշխանությունից։ Հայաստանին սպառնացող թիվ մեկ վտանգը Հայաստանի գործող իշխանությունն է»,- ասում է ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ «Երրորդ հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրած ասուլիսին։ Նրա կարծիքով՝ Սասնա ծռերի գործողությունը ցույց է տալիս, որ եթե 2017-ի խորհրդարանական ընտրություններին իշխանությունները փորձեն կեղծել ընտրությունները, կրկին կգործի Սասնա ծռերի տարբերակը։ «Ազատ և արդար ընտրություններին այլընտրանք չկա»,- ասաց Դալլաքյանը։ Նա անդրադարձավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի պնդմանը, որ Հայաստանի տնտեսությունը վատ վիճակում է․ «Սա գործող իշխանության 8 տարվա գնահատականն է։ Եթե տնտեսությունը գտնվում է ծայրաստիճան վատ վիճակում, ուրեմն Հայաստանը խոցելի է արտաքին վտանգների առաջ»։ Պաշտոնական տվյալներով, Դալլաքյանի մեջբերմամբ, արտագաղթել է ավելի քան 400000 մարդ, որը վկայում է ծանր դեմոգրաֆիական վիճակի մասին։ Հայաստանի արտաքին պարտքը անցել է 5․5 միլիարդ դրամը։ Նա ասաց, որ իրավիճակի հետագա զարգացումը պետք է կանխել։ Դալլաքյանի պնդմամբ՝ պետք է հասարակությունը բաժանել սևի և սպիտակի, ինչի հետևանքով տեղի կունենա իշխանափոխություն․ «2017-ի խորհրդարանական ընտրությունները շանս են ընդդիմության լայն կոնսոլիդացիայի»։ Այս ընթացքում նա հանդիպել է տարբեր կուսակցությունների լիդերների՝ համախմբման մասին քննարկումներ անցկացնելով։ Արդյունքների դեպքում կհայտարարվի։ Վիկտոր Դալլաքյանն անդրադարձավ դեկտեմբերի 17-ին ՀԱԿ-ի համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին․ «Ես ունեմ այլ տեսակետ Ղարաբաղի շուրջ։ ԼՂ հիմնախնդրի լուծման վերաբերյալ կուսակցության առաջիկա համագումարին անդրադարձ կունենամ»։ Դեկտեմբերի 23-ին նախատեսված է «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարը, որի ընթացքում կընդունվեն համապաասխան որոշումներ՝ կապված 2017-ի ԱԺ ընտրությունների հետ։ Համագումարին այլ կուսակցություններ չեն լինի։ Ընտրություններից հետո արդյո՞ք Վիկտոր Դալլաքյանը կրկին չի համալրի իշխանության շարքերը․ «Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը։ Պատասխանում եմ միանշանակ՝ ոչ»։