ՀՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ դաշինք չի կազմի. Շարմազանով (տեսանյութ)
Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստում անդրադարձ են կատարել ԱԺ-ի արտահերթ նիստին, ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերի: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց նաև, որ մինչեւ տարեվերջ խորհրդի նիստ կգումարեն եւ կընտրեն ՀՀԿ առաջին փոխնախագահին, իսկ դաշինքներ կազմելու հարց ընդհանրապես չեն քննարկել: ՀՀԿ-ն կգնա իր ցուցակով: «Եվ մեր ցուցակում տեղ կգտնեն նաև այն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ ճանապարհ են անցել կամ պատրաստակամ են ճանապարհ անցնել»,-ասաց ՀՀԿ խոսնակը՝ հիշեցնելով, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը բաղկացած է ոչ միայն ՀՀԿ-ականներից, այլև այն քաղաքական ու հասարակական միավորներից, «ովքեր տարիներ շարունակ սատարել են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսը»: Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրին, ՀՀԿ խոսնակն ասաց, որ բոլոր քաղաքական ուժերին ազատ մրցապայքարում հաջողություններ է մաղթում: «Դեռ ժամանակ կա ընտրություններին, ի՞նչ իմանամ՝ մրցակից են, մրցակից չեն: Այդ ուժերը մի ամիս առաջ Վանաձորում իրար ընդդիմադիր էին: Հիմա, այսօր նույն դաշինքում են, մենք միայն գաղափարական, քաղաքական մրցապայքարի կողմնակից ենք, բայց կարծում ենք՝ դեռ նոր դաշինքներ, նոր ֆորմատներ կձեւավորվեն քաղաքական դաշտում եւ առաջին հերթին՝ ընդդիմության մեջ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: