Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաղթողի համար դժվար է բանակցություններ տանելը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
baxdasaryan

Մի քանի օր առաջ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանը Ղարաբաղ կատարած իր այցելությունը պատճառաբանում էր նրանով, որ լավ ժամանակներ չեն սպասվում. «Հիմա այն ժամանակահատվածն է, որ եւ զորքը, եւ բնակչությունը, եւ ԼՂՀ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս հայտարարությունից անակնկալի չի եկել, ըստ նրա, Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ հրադադարը խաբուսիկ է, Ադրբեջանից ինչ ասես կարելի է սպասել. «Եթե մենք այս պահին հանգստացնենք մեր զորքերին, մեր հանրությանը հանգստացնենք, որ մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք եւ ոչինչ չի կարող լինել, ինձ թվում է, որ մենք դրանով բավական անլուրջ հայտարարություն կատարած կլինենք»: Չկա բանակցություն, չկա հանգստություն: Պարոն Բաղդասարյանը համաձայն չէ, որ հայկական կողմի համար դժվարացել են հաղթողի դիրքերից բանակցություններին մասնակցելը. «Հաղթողի համար միշտ դժվար է բանակցություններ տանելը, որովհետեւ պարտվողը միշտ պատրվակներ գտնում է, որովհետեւ չի հաշտվում իր պարտության հետ»: Սակայն հայտնի է, որ ռուս լրագրող Կիսելյովի հետ հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, որ համաձայն է անվտանգության գոտի համարվող 7 շրջանները վերադարձնել Ադրբեջանին: Մինչդեռ Ալիեւի համար դա քիչ է. «Առաջնահերթ խնդիրը դրված էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, եւ նրանք այլ բան են ասում՝ դա թողենք վերջում»: Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997-ից էր ասում, որ ինչքան ձգձգվի հակամարտության կարգավորումը, այնքան հայկական կողմի համար ավելի դժվար է լինելու բանակցելը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասում է. « 20 տարի շարունակ մենք զգուշացրել ենք, որ ռազմական բալանսը փոխվում է հօգուտ Ադրբեջանի»: «Ամեն ինչ տանում է դեպի պատերազմ»,-ասում է Լեւոն Զուրաբյանը: Այս իշխանությունները հնարավորություն ունեին գտնելու լուծումներ, որոնց համար էլ 1998-ին եկան իշխանության: Այսօր մենք նույնիսկ ուժեղի դիրքերից չենք բանակցում: Ի դեպ, ըստ Լեւոն Զուրաբյանի, Սերժ Սարգսյանն ինքն էլ պարտավոր է ասելու, թե ինչ նկատի ունեի, երբ ասում է, որ «ժողովուրդը պետք է պատրաստ լինի մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»: