«Այնպես չէ, որ օրենքի փոփոխությունից հետո բյուջեն չեն թալանելու»
Հեշտ չէ մի նախագիծ անցկացնել իշխանության մեջ, որով հենց այդ իշխանության կրողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության: Այսօր ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը. «Այս կողմից լավ է, բայց մյուս կողմից շատ վատ է, որ մենք ուշացել ենք: Ինչո՞ւ ենք մենք ուշացել, այս նախագծի հետ կապված տպավորություն է ստեղծվում, որ հենց որ սա մտավ ուժի մեջ, վսյո, ամեն ինչ ավարտվեց, որևէ պաշտոնյա էլ կաշառք չի վերցնելու, պաշտոնը չի չարաշահելու, բյուջեն չեն թալանելու, չեն գողանալու, այդպես չէ»։ Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով՝ քրեական պատասխանատվության նոր տեսակի հետ այդպիսի հույսեր չի կարելի կապել, սա ընդամենը Քրեական օրենսգրքի, պաշտոնատար անձանց հանցագործությունների վերաբերյալ դրույթներից մեկն է, որը ավելանալու է: Հիշեցնենք, ԱԺ արտահերթ նիստում «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումն է, որը վերաբերում է ապօրինի հարստացմանը։