Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2017թ. պետբյուջեն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
azh4

ԱԺ-ն քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց 2017թ. պետբյուջեի լրամշակված նախագիծը՝ 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Մինչ այդ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ բյուջեն ոչ մի սանտիմետր առաջ քայլ չէ, հակառակը՝ շարունակում է ՀՆԱ-ի կրճատման քաղաքականությունը. «80 մլրդ-ից ավելի պակասուրդ ունի բյուջեն, սակայն շարունակում են վարկեր վերցնել: Չենք կարող կիսել բյուջեի նկատմամբ քաղաքականությունը և ԲՀԿ խմբակցության պատգամավորները հստակ դեմ են քվեարկելու բյուջեին»: ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը չի էլ մասնակցում իր բերած բյուջեի քաղաքականությանը. «Վերաբերմունքը ծնում է վերաբերմունք: Առաջարկում եմ դրայվով դեմ քվեարկել, քանի որ չի արտահայտում քաղաքացիների սպասումները»: Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա չէր բյուջեի քվեարկությանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու բյուջեին և փաստարկներ բերեց. «Կառավարության բացակայությունն ապացույցն է, որ Կառավարությունը խոստովանում է՝ ի վիճակի չէ զարգացնել երկիրը»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե 25 տարի նույն վիճակն է, և Կառավարության ներկայացուցիչները ստիպված են բացակայել: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ 25 տարվա սխալները պետք է փոխել. «Դրա համար ընդդիմադիրներին հորդորում եմ՝միավորվել և պայքարով փոխել: Իսկ բյուջեի հետ կապված կասեի՝ ոչ մի միլիմետր առաջ չենք գնացել, ոչինչ չի փոխվել, նույն դեֆիցիտով բյուջեն ենք քվեարկում»: