Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքի հայտնիներն անձամբ են հետևելու ՀՀ գալիք ընտրություններին (տեսանյութ)

Քաղաքականություն
tank

Սփյուռքի մեր մտավորականության ներկայացուցիչներից Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը, Արսինե Խանջյանը վստահեցնում են՝ 2017-ի ապրիլին իրենք լինելու են Երևանում և անձամբ են հետևելու ընտրությունների ընթացքին։ «Արդարություն Հայաստան» նախաձեռնությանն արդեն 4400-ից ավելի մասնակից է միացել ամբողջ աշխարհից։ Նրանց մի մասը ևս հաջորդ տարվա ապրիլին կգա Հայաստան ու դիտորդություն կանի։ «Արդարություն Հայաստան»-ի նախաձեռնությունը ենթադրում է մեծ հսկողություն ընտրությունների ընթացքի վրա, ինչը կդժվարացնի իշխանությունների գործը՝ կրկին վերարտադրվել։ Արդյո՞ք մասնակիցները մտահոգություն չունեն, որ իշխանությունը տարբեր մեթոդներով կփորձի խոչընդոտել այս ծրագրի իրականացմանը, օրինակ՝ թույլ չի տա դիտորդություն անել։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան Արսինե Խանջյանը նշեց. «Եթե արգելեն, կնշանակի, որ բացարձակապես ազատ իրավունքներ չկան այս երկրում։ Եթե իշխանությունը որոշի այդպիսի քայլեր ձեռնարկել, արդեն այդ քայլերը պատասխան են այն իրողությունների մասին, որոնց մենք անդրադառնում ենք։ Կա ընդհանուր մոտեցում՝ որևէ ձևով պատասխանատու դարձնել իշխանությանը, եթե ցանկանա ոտնահարել քաղաքացու և դիտորդների դեմոկրատական իրավունքները ընտրության ժամանակ»։ Հրանտ Թոխատյանը նման սպասում չունի՝ հաշվի առնելով նախաձեռնությանը միացած մարդկանց ցանկը։ «Նման մարդկանց հանդեպ դժվար թե նման բան արվի»։ Սերժ Թանկյանը չպատասխանեց այս հարցին։ Ընտրությունների ընթացքը վերահսկելու միտքը ավելի է ամրապնդվել Երևանում հուլիսյան իրադարձություններից հետո, երբ զանգվածային կերպով խախտվեցին քաղաքացիների իրավունքները։ Այդ ժամանակ անգամ Արսինե Խանջյանն էր բերման ենթարկվել։ Սերժ Թանկյանի խոսքով՝ իրենց նպատակը քաղաքացիների գիտակցությունը բարձրացնելն է. «Խնդիրը ոչ թե կուսակցությունների ու ղեկավարության մեջ է, այլ այն, թե ում համար են մարդիկ քվեարկում։ Խոսքը ժողովրդի կամքի մասին։ Մենք պետք է հասնենք նրան, որ երիտասարդները չարտագաղթեն, մնան Հայաստանում»։ Թանկյանը ոգեշնչված է հայաստանյան երիտասարդությունով. «Ոգեշնչված եմ երիտասարդներից, որոնք ոչ միայն մեր համերգին են մասնակցում, այլ նաև տարբեր հավաքների մասնակիցներ են»։ Իսկ արդյո՞ք նրանց կարծիքով կեղծիքով են անցկացվել նախորդ համապետական ընտրությունները։ «Հայաստանում ոչ թափանցիկ ու ոչ ճիշտ ընտրություններ շատ անգամներ են պատահել»,- ասաց Արսինե Խանջյանը։