Ռուսական կողմի հետ քննարկվեց ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի աշխատանքների ընթացքը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դեկտեմբերի 2-ին հանդիպեց Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի երրորդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող «Ռոսատոմ» ընկերության տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի և «Ռոսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված հարցերը։ Կողմերն անդրադարձան իրականացվող աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին։ Նշվեց, որ առաջին փուլի միջոցառումները հաջողությամբ ավարտվել են։ Աշխատանքներ են տարվում հաջորդ փուլերի իրականացման ուղղությամբ։ Հաշվի առնելով ՀԱԷԿ-ի նշանակությունը Հայաստանի էներգետիկ համակարգի համար՝ կարևորվեց նախատեսված ժամանակացույցի համաձայն միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից հատկացված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին