Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմկուսի ռեյտինգն ընդամենը 2 տոկոսով է զիջում ՀՀԿ-ին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Արամ Սարգսյան

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություներին կմասնակցի դաշինքով։ Բանակցություններն այլ ուժերի հետ ընթացքի մեջ են։ Ապագա դաշնակիցների մասին կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այս պահին լռում է։ «Ընդդիմադիր ուժերի հետ միասին կմասնակցենք ընտրություններին, այն ուժերի, որոնք կընդունեն ընդհանուր հիմնարար սկզբունքները, ովքեր համաձայն կլինեն այս քաղաքական համակարգը փոխել»։ Ուժերն առաջիկա քաղաքական պայքարի վրա կենտրոնացնելու համար Դեմկուսի նախագահը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահի լիազորությունները։ Իր հիմնական նպատակը նա համարում է ընտրությունների արդյունքում 4-րդ Հանրապետության հիմնադրումը։ «Չեմ ուզում, որ որևէ մեկը դրանից շատ ահաբեկվի, դա չի նշանակում վերից վար ամեն ինչ քանդել, հետո նորից նորն ստեղծել։ Ոչ, դա պետք է լինի քայլ առ քայլ՝ համակարգի փոփոխություն»,- նա այսպես է մեկնաբանում։ Արամ Սարգսյանը հաջողության մեջ առավել քան համոզված է։ Սեփական հարցումներն են անցկացրել 2500 հոգու շրջանում։ Դեմկուսի ռեյտինգն ընդամենը 2 տոկոսով է զիջում ՀՀԿ-ին։ «Մասնագիտական հարցում է սա, ոչ թե սիրողական մակարդակով։ Մերը մինչև այս պահին 6 տոկոսը գիտենք, որ հստակ է։ Եթե ՀՀԿ-ին շատ է հետաքրքրում, կարող եմ ասել, որ իրենցը 8.5-ից չի էլ բարձրանում»։ 25 տարվա պատմություն ունեցող Դեմոկրատական կուսակցությունը անկախ Հայաստանի խորհրդարանում հայտնվել է Արդարություն դաշինքի կազմում։ Բաց է թողել միայն մեկ՝ 2007-ի Ազգային ժողովի ընտրությունը։ Արամ Սարգսյանը 2017-ին հիմնական մրցակից համարում է իշխող ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին։ Իրենք կանցնեն խորհրդարան, բայց սպասում են կեղծիքների։ «Փորձելու են օգտագործել փողի կարողությունների հնարավորությունները։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը դրան էլ չի հակված»,- նշում է Արամ Սարգսյանը։ Իսկ քաղաքացիներին իր կողմը գրավելու համար Արամ Սարգսյանը բարդ բառեր չի օգտագործի, իր խոսքով՝ չի փիլիսոփայի։ Կխոսի պարզ, մարդկային լեզվով։