Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կսկսի գործել
Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկն այսօր վերաբերում էր նոր ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծմանը: Կենտրոնը լինելու է կառավարությանը կից և գործելու է հանրային մասնավոր գործընկերության ձևաչափով: Այն կհիմնադրվի ու կսկսի գործել մինչեւ տարեվերջ: Կարեն Կարապետյանը ներկայացրեց, որ կենտրոնի հիմնական գործառույթը լինելու է կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումներ հայեցակարգերի, փաթեթների մշակումը` մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով: «Հանձարարում եմ բոլոր նախարարություններին և գերատեսչություններին մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր այդպիսի ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը կենտրոնի կողմից դրանք ամփոփելու համար: Երկրորդ՝ երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք: Երրորդ՝ այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի պահպանման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանք համապատասխան հիմնավորումներով»: