Հնարավոր է, որ ԲՀԿ-ն կոչով դիմի Գագիկ Ծառուկյանին. Ազատություն (տեսանյութ)
Առաջիկայում կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստում հնարավոր է Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադառնալու կոչ արվի: «Որևէ բան բացառված չէ: Դա քաղաքական խորհրդի գործն է: Խորհրդի նիստը փակ է լինելու: Ես չեմ բացառում, որ նաև այդ հարցը կարծարծվի․․․ Այո, մենք բոլորս համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ միասին «Բարգավաճը» շատ ավելի հզոր կլինի, շատ ավելի կենսունակ կլինի: Ինքը մեր հիմնադիրն է, և էս երկրում, մեր պետության մեջ մեծ ավանդ ունեցող անձնավորություն է, որը շարունակում է տարբեր տիպի ծրագրեր իրականացնել, միջոցառումներ իրականացնել», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդրանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանն, իր բառերով ասած, ակտիվ քաղաքականությունն ու կուսակցության ղեկավարի աթոռը թողեց անցած տարվա մարտին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հրապարակային սուր հակասություններից հետո: Հակասությունները կարծես արագ հաղթահարվեցին․ Ծառուկյանի այդ հայտարարությունից ընդամենը կես տարի անց նախագահ Սարգսյանը նրան պարգևատրեց Պատվո շքանշանով: Հնարավոր է, երկար չտևի նաև ակտիվ քաղաքականությունից ԲՀԿ նախկին առաջնորդի հեռանալը: Մոտ մեկ ամիս առաջ լրագրողների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ եթե անհրաժեշտությունը լինի, քաղաքականություն իր վերադառնալու կարիքը լինի, հնարավոր է, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում