Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագիծը՝ կառավարությունում
Կառավարությունն այսօր ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայով, Հայաստանի՝ հակակոռուպցիոն բնագավառում որդեգրած քաղաքականությամբ, այնպես էլ ապօրինի հարստացման քրեականացման առնչությամբ միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությամբ։ «Նախագծով առաջարկվում է լրացում կատարել քրեական օրենսգրքի՝ «Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 29-րդ գլխում՝ ամրագրելով ապօրինի հարստացման հանցակազմը: Հարկ է փաստել, որ կոռուպցիոն մի շարք հանցագործություններ բավականին բարձր լատենտայնություն ունեն, և այս առումով ապօրինի հարստացման հանցակազմը կոռուպցիայի դեմ պայքարում հանդիսանում է կարևորագույն գործիքներից մեկը»,- հավելեց նախարարը: