Ամաչելու են հանդես գալ հանրապետականի բրենդով (տեսանյութ)
Անցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ առաջիկա ընտրություններում կուսակցությունները ամաչելու են հանդես գալ Հանրապետական կուսակցության բրենդով եւ նրանք փորձելու են դաշինքով հանդես գալ, ինչպես Բալասանյան դաշինքը: «Կլինի այլ անուն, եւ հանրապետական կուսակցությունը բնականաբար կլինի այդ դաշինքի առանցքը: Ես կարծում եմ, որ այդպես կլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա համար մինչ օրս սակայն պարզ չէ, թե ովքեր կարող են այլընտրանք ներկայացնել եւ դերակատարումն ունենալ: Գալիք ընտրությունները տարբերվելու են նրանով, որ իշխանությունը չի ունենալու այլընտրանք: «Սա պայմանավորված է նրանով, որ այսօր Հայաստանում քաղաքական գործիչների վարկանիշի կտրուկ անկում է նկատվել: Վերջին տարիներին հասարակության մեջ այն տրամադրվածությունը կա, որ ընդդիմություն կոչվածը վարկաբեկվել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվում իշխանության հետ: Ընդդիմադիր գործիչները փոխում են իրենց դիրքորոշումը, ճղճղան ելույթներ են ունենում ԱԺ-ում, բայց կուլիսներում այլ բաներ են պայմանավորվում: Այդ ամենը մարդիկ տեսնում են եւ հասարակության մեջ կա խորը հիասթափություն քաղաքական գործիչների նկատմամբ»: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը այլ անունով հանդես գալը բացատրում է նաեւ նրանով, որ մարդիկ հոգնել են հանրապետական կուսակցությունից, քանի որ արդեն 16 տարի է իշխում են. «ՀՀՇ-ն իշխեց 7 տարի, հիշում ենք ինչպիսի տրամադրվածություն կար նրանց նկատմամբ։ Սրանք արդեն 16 տարի են իշխել, եւ կա փոփոխության պահանջ: Պահանջը հաշվի առնելով փորձելու են մանիպուլյացիայի գնալ»: