«Ինչու է վարչապետը վախենում հանդիպել մեզ հետ»
Նոյեմբերի 1-ից թուրքական ապրանքների համար բեռնափոխադրող ծառայությունները՝ կարգոները թանկացրել են մաքսազերծման վճարը: «Ուզում ենք հասկանալ՝ պետությունը ինչ դերակատարություն է ունենալու: Կարգոների թանկացումները կասկածելի են մեզ համար: Կոչ ենք անում վարչապետին հանդիպել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Ես չգիտեմ, թե վարչապետը ինչու է վախենում հանդիպել մեզ հետ, միգուցե մեր հարցադրումները շատ սուր են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի «Ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ թեեւ կառավարությունը ամիսներ շարունակ հայտարարում է, որ ցանկացած ապրանքատեսակ բոլորը կարող են ներկրել եւ այդ առումով խոչընդոտներ չեն լինի, սակայն հիմա էլ ներկրողները թանկացման խնդրի առջեւ են կանգնել: «Մենք հեռագրեր ենք ուղարկել վարչապետին և անհասկանալի ենք համարում, թե ինչու է իր մոտ վախ առաջացել»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը: «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանն էլ ավելացրեց, որ մինչեւ մեկ դոլար թանկացում է եղել մեկ կիլոգրամ կիսաֆաբրիկատի համար: Եթե նախկինում մաքսազերծման գինը 1,60 դոլար էր, հիմա դարձել է 2,50: «Մեզ հետաքրքրող հարցն այն է, թե ինչպես է միանգամից թանկացել, արդյոք կարգո՞ն է ինքնագլուխ թանկացրել, թե՞ կառավարությունն է հորդորել»,- ասաց Գագիկ Դանիելյանը: Նրա համար տարօրինակն այն է, որ կիսաֆաբրիկատի մաքսազերծման գինը ավելի է բարձրացել, քան ֆաբրիկատինը: Բանախոսները հիշեցնում են, որ մեկ տոննայի մեջ մոտ 1000 դոլար թանկացում է նկատվում: Փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողներին Գագիկ Դանիելյանը խորհուրդ տվեց ոչնչից չվախենալ: «Մեր ժողովուրդը վախում է: Մեկի վիզը գալստուկ են տեսնում, գլուխները կախում են, մենք խնդրում ենք, որ ժողովուրդը գլուխները բարձր պահի, չվախենա»,- եզրափակեց Գագիկ Դանիելյանը: