Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ում արտագաղթի ալիք է բարձրացել

Քաղաքականություն
amn-nkar3-412x265-1

Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ամերիկացիների մոտ մեծացել է արտագաղթելու ցանկությունը։ Նախորդ օրը 56 000 ամերիկացի է դիմել Նոր Զելանդիայի միգրացիոն ծառայությանը։ Այս բնույթի դիմումների առատությանը չի դիմացել Կանադայի միգրացիոն ծառայության կայքէջը. ծանրաբեռնվածության պատճառով այն դարձել է անհասանելի։ Նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփի որոշ արտահայտություններ ամերիկացիները ռասիստական են որակել։ Նա ագրեսիվ է արտահայտվել նաև Միացյալ Նահանգներ եկած միգրանտների մասին։ Հետընտրական զարգացումներն Ամերիկայի Միացյալ Նահանգներում բուռն ընթացք են ստանում։ Դոնալդ Թրամփի ընտրությունը նախագահի պաշտոնում հազարավոր ամերիկացիների փողոց է դուրս բերել։ Բողոքի ակցիաները շարունակվել են մինչև չորեքշաբթի ուշ երեկոյան։ Խոշոր է եղել Լոս Անջելեսի հավաքը։ Երթևեկությունը կաթվածահար արած քաղաքացիները Թրամփին վտարելու կոչեր են հնչեցրել, այրել նրա խրտվիլակը։  «Մենք սա անում ենք մեր նախնիների և ապագա սերնդի համար։ Անհրաժեշտ է այս մարդուց ազատվել»,- ասել է հնդկացու տեսքով մի կին։ Բազմամարդությամբ աչքի են ընկել Նյու Յորքում բողոքի գործողությունները։ Քաղաքացիները Դոնալդ Թրամփին պատկանող «Թրամփ Թաուեր» երկնաքերի առջև «Ոչ իմ նախագահ, ո՛չ այսօր» են բղավել։ Ակցիայի մասնակիցներն այստեղ հայտարարել են՝ իրենց բողոքի գործողությունները զուտ սիմվոլիկ բնույթ են կրում։ Անկարգություններ թույլ չտալու համար ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոնական փողոցները։ Իրավապահների հետ  բախումներ չեն եղել, նրանք քայլել են մասնակիցների շարքերում՝ ապահովելով հավաքի անվտանգությունը։ «Տեսեք թե մարդիկ ինչ ոգևորվածությամբ են դուրս եկել փողոց։ Ոստիկանությունը մեզ հանեց 5-րդ պողոտայից և Բրոդվեյից»,- պատմել է մի քաղաքացի։ «Ոչ իմ նախագահ» կարգախոսը հնչել է նաև Սիեթլ քաղաքի փողոցներում։ Հավաքն այստեղ արյունոտ ելք է ունեցել. Սիեթլի կենտրոնում հնչած կրակոցներից հինգ մարդ է վիրավորվել։ Նրանք տեղափոխվել են Հարբորվյու բժշկական կենտրոն։ Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ կրակոցները հնչել են վիճաբանությունների արդյունքում։ Հիլարի Քլինթոնի կողմնակիցները բազմահազարանոց բողոքի գործողություններ են անցկացրել ԱՄՆ-ի խոշոր այլ քաղաքներում ևս՝ Չիկագոյում, Սան Ֆրանցիսկոյում, Բերկլիում, Քլիվենտում։ Հիլարի Քլինթոնի կողմնակիցների բողոքի գործողությունների ագրեսիվության ճիշտ հակառակ պատկերն է քաղաքական գործիչների հարաբերություններում։ Գործող նախագահ Բարաք Օբաման այսօր Սպիտակ տանը կընդունի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա նաև խոստացել է անել ամեն ինչ՝ իշխանությունը հնարավորինս խաղաղ Հանրապետական թեկնածուին փոխանցելու համար։ Բողոքի ակցիաներին որևէ կերպ չի մասնակցել Հիլարի Քլինթոնը։ Նա պարտությունից հետո երևացել է կողմնակիցներին՝ կոչ անելով հաշտվել ընտրության արդյունքների հետ։