Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ուզում եք ձեզ գովերգեն, գոնե եղածը պահեք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-manukyan-1

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր արդեն տեսնում է Սերժ Սարգսյանի հայտարարած բեկումնային տարիները, որոնք սպասվում են երկու-երեք տարի հետո. «Չեք տեսնու՞մ այդ բեկումը»: Պարոն Մելիքյանի համար վերջերս տեղի ունեցած ամեն ինչ բեկումնային է, թե Սահմանադրության փոփոխությունը, թե կառավարության փոփոխությունը: Հանրությունը գոնե այդ բեկումները տեսնում է. «Հանրության մեջ հույսի եւ հավատի ներշնչման հիմքեր արդեն բոլորը տեսնում են»: Իշխող խմբակցության քարտուղարը չի բացառում, որ նորմալ երկրներում բեկումնային կարող է լինել իշխանության պարտությունը ընտրություններում եւ ընդդիմությանն իշխանություն զիջելը. «Դա էլ կարելի է բեկում համարել, բայց հենց դա չի բեկումը»: Մինչդեռ ընդդիմադիր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փնտրում է բեկումը՝ որտե՞ղ է այն. հանրապետականը ձախողել է ամեն ինչ, որեւէ բնագավառում նրանք հաջողություն չեն ունեցել. «Հայաստանը քանդվում է ուղղակի, հայերն էլ տեղափոխվում են Հայաստանից»: Պարոն Մանուկյանը բեկումնային տնտեսական թռիչքներ է տեսնում տարածաշրջանային բոլոր երկրներում, նույնիսկ Ադրբեջանում. «Վրաստանը թռնում է, Ադրբեջանը կտրուկ հաջողություններ է արձանագրում»: Հանրապետականը եթե նույնիսկ շատ ցանկանա, չի կարողանա լավ ծրագրեր կյանքի կոչել: Իրականում սակայն ցանկություն չունեն, ի՞նչ բեկում. «Իրենց ախորժակից էն կողմ էս մարդիկ ուրիշ բան չեն տեսնում, չեն կարող անել»: 2017-ի բյուջեի քննարկումը պարոն Մանուկյանին հանգեցրել է այն համոզման, որ մեզ բեկումնային ոչինչ չի սպասվում, իզուր խոսքեր է ասել Սերժ Սարգսյանը. «Ճոռոմաբանությունները էս իշխանությունների համար ընտրություններից առաջ շատ բնորոշ են»: Այս կառավարությանը պարոն Մանուկյանը խորհուրդ է տալիս՝ եթե ուզում եք ձեզ գովերգեն, գոնե եղածը պահեք: