Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գիտության մեջ կա մի ստվար շերտ, որ հենց այնպես փող է ստանում» (տեսանյութ)

Տնտեսություն
manaseryan-nkar

2018 թվականին Հայաստանը կարձանագրի երկնիշ տնտեսական աճ։ Սա այն դեպքում, եթե Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն աշխատանքը շարունակի նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս տեսակետը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանինն է։ «Կարծում եմ՝ դա իրականություն կդառնա, եթե բոլորս հավատով լցվենք և տարրական քայլեր անենք, որոնք կվերականգնեն նաև քաղաքացիների վստահությունն իշխանությունների նկատմամբ»,- ասում է նա։ Իսկ ի՞նչն է հիմք տալիս տնտեսագետին՝ երկնիշ տնտեսական աճ կանխագուշակելու համար։ Հայաստանի տնտեսության ներկա վիճակում դա անհավանական զարգացում է թվում. «Դա մարդուժն է, մարդկային ռեսուրսն է։ Այն պահից սկսած, երբ մենք մարդկային ներուժը գնահատեցինք, արժևորեցինք,  փայփայեցինք,պահեցինք երկրում, նույն մարդկային ռեսուրսը լույս է տալիս դրսում, մենք մեր երկրում չենք կարողանում օգտագործել։ Մենք պետք է կարողանանք պահանջարկված դարձնել մարդկային ռեսուրսը»։ Մեկ տասնամյակից ավելի Հայաստանի կառավարման ղեկին է գտնվում  Հանրապետական կուսակցությունը, իսկ Սերժ Սարգսյանը 2008 թվականից նախագահի պաշտոնում է։ Այս ընթացքում Հայաստանի տնտեսությունը միայն նահանջել է։ Ինչո՞ւ պետք է շարքային քաղաքացին շարունակի վստահել այս ուժին. «Վստահության դեֆիցիտ մենք ունենք, բայց անպայման պետք է այդ վստահությունը լինի։ Այլընտրանք չունենք։ Անվստահության մթնոլորտում ոչ մի բան առաջ չի կարող գնալ»։ Պարոն Մանասերյանի պնդմամբ՝ իր շրջապատում շատերն են աշխատանքը կորցրել, սակայն դա իրեն հիմք չի տալիս չվստահել այս կառավարությանը։ Ավելին՝ վարչապետի որոշմամբ գիտնականներն այսուհետ չեն ստանա գիտական կոչումների համար տրվող հավելավճարները։ Այդ գումարից զրկվել է նաև ինքը. «Ես շատ ողջունում եմ այդ մոտեցումը։ Եթե իսկապես գիտնական են, թող իրենց նեղություն տան, աշխատեն, իրենց տեղը գտնեն։ Կարծում եք միայն պետական կառավարման մարմիններո՞ւմ են պորտաբույծներ նստած։ Գիտության մեջ կա մի ստվար շերտ, որը հենց այնպես փող է ստանում»,- հավելում է պարոն Մանասերյանը։ Տնտեսությունը ճիշտ ռելսերի վրա դնելու համար, ըստ Թաթուլ Մանասերյանի, հինգ տարի ժամանակ է պետք։ Իսկ մինչ այդ պետք է նախ վերականգնել այն։