Հովհաննեսի ոտքի գույնը դարձել է սև, և ոտքը լիովին անզգայացել է. քաղաքացիական նախաձեռնություն
Այսօր` 4-ը նոյեմբերի, 2016թ., մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից ստեղծվել է «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակն է վերջ տալ ամիսներ շարունակ տևող անարդարությանն ու հաշվեհարդարին «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ: Նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է` Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, սկսած հուլիսի 26-ից` Հովհաննես Հարությունյանին բուժող բժիշկները բազմիցս պատճառաբանել են, որ Հովհաննեսի վնասվածքը ոտքի շատ բարդ հատվածում է, և բարդ վիրահատություն այդ շրջանում հնարավոր չէ կատարել: Այս պահին Հովհաննեսի ոտքի գույնը դարձել է սև, և ոտքը լիովին անզգայացել է ու սառչել: Այսօր նա բառացիորեն խնդրում է բժիշկներին` անդամահատել իր անզգայացած ոտքը: Այս նախաձեռնությունը պատրաստվում է ամենասեղմ ժամկետում Հովհաննես Հարությունյանի գործն իր դատական և բժշկափորձագիտական ողջ մանրամասներով ներկայացնել Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե` The Committee Against Torture (CAT) http://www.ohchr.org/en/hrbodies/cat/pages/catindex.aspx Բոլորիցդ ակնկալում ենք հնարավորինս ակտիվ մասնակցություն ֆեյսբուքյան այս նախաձեռնությանը` https://www.facebook.com/events/202691256807258/ որպեսզի կարողանանք վերջ տալ ամիսներ շարունակ տևող այս անարդարությանն ու հաշվեհարդարին մեր հայրենակից Հովհաննես Հարությունյանի դեմ: Շնորհակալություն: «Հովհաննեսն այլեւս չի դիմանում, ասում է՝ կամ ոտքս հեռացրեք, կամ բուժեք: Եթե մինչ սա գոնե հենակներով կարողանում էր տեղաշարժվել, հիմա գրեթե չի կարողանում քայլել, աջ ոտքը զգալիորեն բարակել է մինչեւ կոնք»,-ասում է նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը: