Լեւոն Ջուլֆալակյանը չի կիսում Արայիկ Բաղդատյանի մոտեցումը (տեսանյութ)
«Մենք սկսում ենք քառամյա նոր փուլը եւ պատրաստվում օլիմպիական հաջորդ խաղերին: Դրա ընթացքում պետք է պատկերացնենք, թե ինչ նոր, երիտասարդ ըմբիշներով է հարկավոր համալրել հավաքականի կազմը», - այսօր «Արմենպրեսում» կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Սակայն փորձառու մասնագետը նաեւ ավելացրեց, որ հավաքականի անդամներ Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Վարշամ Բորանյանը եւ Արսեն Ջուլֆալակյանն ազատված են Հայաստանի առաջնության մասնակցությունից: Դա նշանակում է, որ գալիք տարում այդ քաշային կարգերում մենք նոր անուններ չենք տեսնի: Միաժամանակ մնացած երեք քաշային կարգերից երկուսում, ըստ Լեւոն Ջուլֆալակյանի, մենք լուրջ խնդիրներ ունենք: Խոսքը վերաբերում է 90 եւ 130 կգ քաշային կարգերին: Բացի այդ մեր փորձառու ըմբիշ, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, հրաժեշտ է տվել հավաքականին եւ այլեւս չի ընդգրկվի թիմի կազմում: «Ա1+»-ի թղթակցի այն հարցին, արդյոք ճիշտ չէ հավաքականի կազմը ընտրել մարզական սկզբունքով եւ Հայաստանի առաջնությանը ներգրավել նաեւ հավաքականի այն անդամներին, որոնք մեդալ չեն նվաճել տարվա գլխավոր մրցաշարերում, ինչպես դա այս տարի կիրառեց ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը, Լեւոն Ջուլֆալակյանն ասաց. «Ես իմ աշխատանքի տարիներին ապացուցել եմ իմ պրոֆեսիոնալիզմը: Մեր գլխավոր նպատակը ոչ թե հանրապետության չեմպիոն դառնալն է, այլ միջազգային մրցումներում մեդալների քանակ ապահովելը: Կան ըմբիշներ, որոնք իրենց լավ են դրսեւորում ներքին առաջնությունում, սակայն միջազգային մրցումներում լարվում են եւ դժվարանում: Համենայնդեպս, մենք աշխատում ենք հնարավորություն տալ բոլոր ըմբիշներին եւ ներգրավել միջազգային մրցումներում: Դրանից հետո որոշում ենք, թե ովքեր կարող ենք ներկայացնել Հայաստանը աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում», - վերջում պարզաբանեց օլիմպիական չեմպիոնը: