Ընտրական նոր օրենսգրքի վրա հույս դնելը միամտություն է. քաղաքագետ (տեսանյութ)
Կուսակցությունների մասին օրենքը նույնքան կարեւոր է, որքան ընտրական օրենսգիրքը: Քաղաքագետների համոզմամբ՝ նախ պետք է հասկանալ, թե ում ես ընտրում, հետո միայն ՝ ինչպես: «Առավել եւս նոր սահմանադրությամբ՝ ամբողջ իշխանությունը տրված է կուսակցություններին եւ այն հարցը, թե իրենցից ինչ են ներկայացնում նրանք, պայմանավորվելու է այս օրենքով: Ոչ մի լուրջ պատասխանատվություն չի դրվում նրանց վրա»,- կարծում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը: Շրջանառության մեջ է կուսակցությունների մասին նոր օրինագիծը, որը անհանգստացրել է մասնագետներին: Օրինագիծը գրելիս պետք է հաշվի առնվեր պետության առանձնահատկություններն ու անցած փորձը, ինչպես դա անում են այլ երկրներում: «Հայաստանի փորձն այն է, որ պետք էր գրել՝ այն կուսակցությունները, որոնք զանգվածային ընտրակաշառք են բաժանել, ընտրախախտումներ են թույլ տվել, պետք է լուծարվեն»,- ասում է Ստեփան Դանիելյանը: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի կարծիքով էլ կուսակցությունները պետք է լուծարվեն նաեւ այն ժամանակ, երբ իրենց, իսկ պնդմամբ՝ ընտրությունները կեղծվում են: Մասնագետները համոզված են՝ ընտրական նոր օրենսգրքի վրա հույս դնելը միամտություն է: Հայաստանյան կուսակցությունները չեն ենթարկվել ու չեն էլ ենթարկվի՝ օրենքով գրված կետերին, իսկ իշխանությունը կլռի, քանի որ դա հենց իրեն է ձեռնտու: Բանախոսները համոզված են՝ մինչեւ այսօրվա համակարգը չփոխվի, կուսակցությունները հաջողության հասնել չեն կարող: