Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը մտափոխվե՞լ է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
923379eda5d384212fecbba6b09e22db

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը համակարծիք են՝ պետք է սպասել խորհրդարանական ընտրություններին եւ տեսնել՝ կդառնա՞ Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետ, թե ոչ: Նույն բանն, ի դեպ, ասում է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Ալ Ջազիրա հեռուստաընկերության հարցին, թե ինքը դիտարկու՞մ է Հայաստանի վարչապետի պաշտոնում աշխատելը նոր Սահմանադրության պայմաններում: 2014-ի սեպտեմբերին մինչդեռ Սերժ Սարգսյանն ասել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի պատրաստվում լինել ոչ վարչապետ, ոչ Ազգային Ժողովի նախագահ։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այս առնչությամբ ասում է. «Ինչքա՞ն ա պետք ժամանակ, որ հավատաք, որ մենք ճշմարտությունն ենք ասում, որ սահմանադրական փոփոխություններն իշխանություն պահելու միջոց էր»: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, ամբողջ աշխարհը գիտեր, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրություն է փոխում, որպեսզի իշխանությունից չհեռանա: Հետեւաբար, Սերժ Սարգսյանը պատրաստվում է կեղծել նաեւ 2017-ի ընտրությունները. «Այլ հիմք կա՞ մտածելու, որի շուրջ մտածես, որ ասես՝ չէ, իրենք չեն կեղծելու»: Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը քաղաքական գործչի խոսք է լսել Սերժ Սարգսյանից՝ եթե մարդն ասել է, որ չի լինելու վարչապետ, ուրեմն չի լինելու. «Ինքը երբեք իր խոսքից հետ չի կանգնել»: Վերարտադրվելու մասին խոսք չկա,-ասում է Լեռնիկ Ալեքսանյանը: Սերժ Սարգսյանը հանգիստ կարող էր վերարտադրվել իբրեւ նախագահ. «Եթե ինքն իրա համար է անում, նախագահի պոստը կպահպաներ, հնարավորություն կունենար կուսակցությունը գոնե էլի դառնալ կուսակցության ղեկավար ու վարչապետ դառնար»: Ալ Ջազիրայի լրագրողի հարցին Սերժ Սարգսյանը որոշակի չի պատասխանել, որովհետեւ ըստ հանրապետական պատգամավորի, քաղաքականությունը որոշակիություն չի սիրում. «Քաղաքականությունը սիրում ա էդ օրվա համար պատասխանել»: Լեռնիկ Ալեքսանյանն ի դեպ ասում է, որ Հանրապետականն, իհարկե, շատ կուզի, որ Սերժ Սարգսյանն ընտրություններից հետո մնա իշխանության մեջ: