«Իմ մտքերի պատճառով պատժում են որդուս». Արշակ Սադոյան (տեսանյութ)
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը համոզված է՝ իր պատճառով պատժում են որդուն: «Իմ անզգույշ արտահայտված որոշ մտքերի պատճառով, որոշ անձերին վիրավորելու պատճառով, այս բոլորը քաղաքական հետապնդում է: Մի խոսքով զզվելի հետապնդում, երբ հորը չեն կարողանում պատժել, պատժում են որդուն»,- ասում է Արշակ Սադոյանը: Նա այսօր մասնակցում էր իր որդու գործով դատական նիստին: Արեգ Սադոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին ոստիկանական պատնեշում կանգնած, իր ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի պաշտպանիչ վահանը քաշելու համար: Գործով անցնում է 80 տուժող: «Աբսուրդ է, եթե նույնիսկ Արեգ Սադոյանը գործողություն է կատարել, ընդ որում նշված է, որ ոստիկանի վահան է քաշել, ու դրանից տուժել են 80 ոստիկան, սա աբսուրդ է: Ուզում են ապացուցել, որ գործով եղել են զանգվածային անկարգություններ»,- ավելացնում է պաշտպան Վարդան Զուռնաչյանը: Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստը դեռ չսկսված հետաձգվեց: Մեղադրողը չէր ներկայացել դատարան: Դատավորը դատական նիստը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 24-ը: Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն ավելացնում է՝ որդին զանգվածային անկարգություններին չի մասնակցել, դա ընդամենը քննիչի ենթադրությունն է. «Տեսանյութը մեկ րոպե մեկ վայրկյանանոց տեսանյութ է, որի մեջ որեւէ հստակ կադր չկա, որի մեջ Արեգը երեւա: Նմանություն են տեսել, փորձում են գործ սարքել եւ մարդուն դատապարտել 3-8 տարվա ազատազրկման»: