«Հողի մարդը պիտի զբաղվի հողագործությամբ, քաղաքում ապրողը պիտի կրթություն ստանա» (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Գործադիր մարմնի ծրագրի քննարկմանն իր ելույթում ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը նախ շնորհակալություն հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանին, որ նա չպարտադրեց Կառավարության ծրագրի հինգ հարյուր էջը կարդալ, այլ միայն երեսուն էջի հետ ծանոթացան, որի շնորհիվ հասկացան՝ ի՞նչ է սպասվում մեզ. «Եթե ուզում ես առողջ հասարակություն ունենալ ու դեղերի վրա չծախսել, ապա առողջ ապրելակերպ պիտի ունենաս, եթե ուզում ես, որ պատերազմ չլինի, ապա պիտի փող ծախսես ու լավ սպառազինություն ունենաս: Եթե ուզում ես հասարակության չարիքը, որի անունը աղքատություն է, վերացնես, պիտի աշխատատեղեր ունենաս: Պատկերացրեք մի պետություն, որի երկու ձեռքն էլ ձախ է, այդ դեպքում պիտի ճիշտ տեղում դնես նրանց, որ ֆունկցիոնալ ճիշտ աշխատեն»: Նա դիտարկումները շարունակեց՝ ասելով. «Հողի մարդը պիտի զբաղվի հողագործությամբ, քաղաքում ապրողը պիտի կրթություն ստանա այնքան, որ զբաղվի ՓՄՁ-ով: Առաջնային սկզբունք է՝ զբաղեցնել մարդկանց: Կախարդական փայտիկ ոչ ոք չունի, սակայն միասնականությունը հանուն մեր նպատակի ու հանուն մեր քաղաքացու, կծառայի քաղաքական այն նպատակին, որի անունը կախարդական փայտիկ է»: «Պարոն Հակոբյան, էդ կախարդական փայտիկներին մի հավատացեք, դրանք միայն հեքիաթներում են լինում, իսկ կյանքում հաղթում է օրնիբուն աշխատանքը, հույսն ու հավատը»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: