«Լավրովի հայտարարության մեջ էական ոչինչ չկա». Մանվել Սարգսյան
«Թուրքիան և ԼՂ հարցի կարգավորման գործընթացը. նոր մարտահրավերներ» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն անդրադարձավ հոկտեմբերի 14-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը արգելափակելուց դուրս բերելու առումով։ Սարգսյանի խոսքով՝ էական ոչինչ չկա այս հայտարարության մեջ. «Ամիսներ շարունակ Թուրքիայի հետ ունենալով բարդ հարաբերություններ, Ռուսաստանը փորձում է նոր հարաբերություններ ստեղծել՝ օգտվելով նրանից, որ Թուրքիան նոր խնդիրներ ունեցավ արևմտյան երկրների հետ, ու բնական է, որ այդ հարաբերությունները ստեղծելու ճանապարհին շրջանցել հայկական խնդիրները՝ անհնարին է։ Հիմնական պահանջները, որ Թուրքիան պետք է դներ այստեղ, Լեռնային Ղարաբաղի խնդիրն է և հայ-թուրքական հարաբերությունները»,-ասաց Մանվել Սարգսյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե տարիներ շարունակ Մինսկի խմբի համանախագահող երկրները պաշտպանում էին Հայաստանի այն դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեին առանց նախապայմանների, Մանվել Սարգսյանը նշեց, որ Թուրքիայի դերի հզորացմանը Ղարաբաղյան խնդրում, կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ. «Կարելի է ասել՝ դա լավ մի համաձայնություն էր, որ կարող է Թուրքիայի դիրքերը ուժեղացնել ղարաբաղյան խնդրում, բայց կարելի է նաև ենթադրել, որ Թուրքիան դրանով իսկ պատնեշ է դրել հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը՝ լավ հասկանալով, որ Հայաստանը երբեք չի համաձայնի դրան» ։ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավարն եզրափակելով իր խոսքը՝ ասաց, որ պետք է սպասել և տեսնել, թե դեպքերն ինչ զարգացում կունենան։