Կարո Եղնուկյանի վիճակը կտրուկ վատացել է
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, կալանավայրում արդեն 13 օր հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Մոտ 9 կգ նիհարել է, հազիվ է խոսում, տեղաշարժվելիս շատ է դժվարանում»,- ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նա երեկ է տեսակցել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Կարո Եղնուկյանին: «Եթե նախկինում մի բանը քննարկում էինք 10 րոպեում, շատ երկար դանդաղ եւ հնարավոր չի էլ անգամ քննարկել՝ եւ թույլ է, եւ ճնշումը ցածր է, եւ ձայնը շատ կամաց է»,- ասաց պաշտպանը: Առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառը Տիգրան Հայրապետյանը համարում է նաեւ այն, որ Կարո Եղնուկյանը մինչ հացադուլ հայտարարելը դեղեր եւ վիտամիններ է ընդունել՝ կապված իր նախաինսուլտային վիճակի հետ: «Մեկ ամիս առաջ իր մոտ նախաինսուլտային վիճակ եղավ, ձեռքի մատները սկսեցին թմրել, մոտ 1 ամիս դեղ խմեց, սակայն չանցավ»։ Կարո Եղնուկյանին ՔԿՀ-ն թույլատրել է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց եւ գլխի ու ողնաշարի հետազոտություն անցնել: «Բայց ինքը այն վիճակում չէ, որ տեղափոխեն այլ հիվանդանոց»,-ավելացրել Տիգրան Հայրապետյանը: Կարո Եղնուկյանը պայքարի նման ծայրահեղ միջոցի՝ հացադուլի է դիմել իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատճառով: Հիշեցնենք, որ դատարանը մերժել էր 1 մլն դոլար գրավի դիմաց ազատ արձակել նրան: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ: