Վիկտոր Դալլաքյան. «Եկել է քարերը նետելու իմ ժամանակը» (տեսանյութ)
Վիկտոր Դալլաքյանն այսօրվանից քննադատելու է իշխանություններին։ Նա առավոտյան Սերժ Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վիկտոր Դալլաքյանը հրաժարվում է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, խորհրդարանում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից , ինչպես նաեւ լքում է Հանրապետական կուսակցությունը: «Ես ընդդիմություն եմ, պաշտոնական տվյալներով՝ 34, սակայն իրականում 70-ից ավելի տոկոս կազմող աղքատությանը», ասում է քաղաքական գործիչը: Վիկտոր Դալլաքյանը Սերժ Սարգսյանի աշխատակազմում էր 2012թ-ից։ Ամբողջ այս ընթացքում, պարզվում է, նա սպասողական վիճակում էր։ «Ես 4 տարի սպասել եմ, քանի որ կա հետեւյալ թեւավոր արտահայտությունը «Կա քարերը հավաքելու եւ քարերը շպրտելու ժամանակը», հիմա եկել է իմ քարերը նետելու ժամանակը»,- ընդգծեց նա։ Քարերի առաջին խմբաքանակն ուղղված էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վանաձորից պատգամավոր էր ընտրվել՝ հաղթելով հենց Վիկտոր Դալլաքյանին։ Նա ներկայացրեց մի հարցման պատասխան, որը փաստաբան Վահե Հովսեփյանն է արել ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարին՝ Էդմոն Մարուքյանի այցելությունների վերաբերյալ: Ըստ հրապարակված պատասխանի՝ «Էդմոն Մարուքյանը 2009-ի հունիսի 13-ին ՀՀ-ից Զվարթնոց օդանավակայանից մեկնել է ԱՄՆ եւ ՀՀ է վերադարձել 30/06/2010-ին: Նա ՀՀ-ից բացակայել է 1 տարի 17 օր, մինչդեռ Հայաստանում իրեն տեղեկանք են տվել, թե նա 5 տարի անընդմեջ բնակվել է ՀՀ-ում»: «Սերժ Սարգսյանի հրահանգով Վանաձորում տեղի է ունեցել այն, ինչի վերաբերյալ ես փաստերը ներկայացրեցի», -ասաց նա։ Դալլաքյանն ընդգծեց, կուսակցությունից եւ պաշտոնից հեռանալու մասին Սերժ Սարգսյանի հետ չի խորհրդակցել: Սերժ Սարգսյանին վերջին անգամ տեսել է նախագահի աշխատակազմի նոր ղեկավարին ներկայացնելու օրը՝ հոկտեմբերի 3-ին։ «Արմեն Գեւորգյանին ներկայացնելուց հետո Սերժ Սարգսյանը մոտեցավ ինձ և ասաց՝ պարոն Դալլաքյան խնդրում եմ զրուցենք, թե ինչ է ասել ինձ դա արդեն մյուս ասուլիսի թեման է»-, նշեց նախկին խորհրդարանականը։ Ի դեպ, Վիկտոր Դալլաքյանը պատրաստվում է մասնակցել է 2017 թ. Խորհրդարանական ընտրություններին։ Ո՞ւմ հետ եւ ինչ ցուցակով. Այդ էլ է հաջորդ ասուլիսի թեմա։