Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ Երևանը սկսեց տոնել իր տարեդարձը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Yerevan20

1950 թվականի աշնանը Կոնստանտին Հովհաննիսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը Արին-Բերդի պեղումների ժամանակ հայտնաբերեց Արգիշտի թագավորի հրամանով արված Էրեբունի ամրոց-քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, և Երևանը ստացավ իր «քարե անձնագիրն» ու դարձավ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը` Հռոմից 29 տարով էլ մեծ: Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը հաջողվեց համոզել Մոսկվային, որն այն ժամանակների համար դյուրին գործ չէր, ու 1968-ի հոկտեմբերին մեծ շուքով նշվեց Էրեբունի-Երևանի 2750-ամյակը: Հրատարակվեցին Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երևանի մասին ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, գրվեցին Երևանի մասին նոր երգեր: Հոկտեմբերի 19-ին Արին-Բերդ բլրին բացվեց թանգարանի շենքը, որը կրկնում էր ուրարտական պալատական կառույցների հորինվածքը, բլրի ստորոտում տնկվեց 2750 ծառ, իսկ հարող փողոցն անվանակոչվեց Էրեբունի, հրապարակի հարակից պուրակում սկսեցին գործել 2750 շատրվաններ: 2750 հոգանոց երգչախումբը Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ առաջին անգամ հնչեցրեց Պարույր Սևակի և Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգը: Հայերը մեկ շաբաթ նշում էին իրենց մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Քաղաքի հրապարակներում, պուրակներում ու փողոցներում մի քանի օր շարունակվում էին արվեստի խմբերի համերգները:Մարդիկ առատ սեղաններ էին գցում հենց փողոցներում: Հոբելյանական միջոցառումները եզրափակվեցին Հանրապետական մարզադաշտում`մեծ տոնահանդեսով: Տոնը դարձավ սիրելի ու ավանդական և հայերն առանց որևէ կարգախոսի նշում էին իրենց մայրաքաղաքի օրը: Հետո եկան ծանր տարիներն ու տևական դադարից հետո՝ 2003-ին, նշվեց Երևանի 2785-ամյակը, իսկ 2004-ից մայրաքաղաքն ունի իր դրոշը, զինանշանն ու օրհներգը: Այսօր Երևանը կնշի իր 2798-րդ տարեդարձը: