Ռումինացիները պարզել են մեր թիմի ամենավտանգավոր ֆուտբոլիստին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արման Քարամյանը ռումինական «Սպորտ» թերթին տված հարցազրույցում նշել է, թե Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստները Հայաստանի ընտրանու որ խաղացողից պետք է բոլորից շատ զգուշանան առաջիկա խաղում: «Կիսապաշտպան Մարկոս Պիզելին բրազիլացի ֆուտբոլիստ է, որը Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Նա տեխնիկապես շատ լավ է պատրաստված, տիրապետում է բարձր արագության, հուժկու հարվածների: Ֆիզիկապես այնքան էլ ուժեղ չէ, ուստի ակտիվ հսկողության դեպքում կարելի է չեզոքացնել նրան», - ասել է «Փյունիկի» նախկին հարձակվողը, որը ներկայումս ապրում է Ռումինիայում: Հավելենք, որ ռումինական բոլոր լրատվամիջոցները անդրադարձել են այն փաստին, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու առաջիկա հանդիպումը: Զարմանալի չէ, որ «Սպորտ» թերթը ցանկացել է գտնել մեր հավաքականի մյուս ամենավտանգավոր խաղացողին: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության Հայաստան – Ռումինիա ընտրական հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, «Հանրապետական» մարզադաշտում: