Տիգրան Գյոկչյան. «Ուրարտուն» դեռեւս փոքրիկ ձնագնդիկ է» (տեսանյութ)
Երեւանի «Ուրարտու» բասկետբոլի ակումբը դարձավ հանրապետության առաջին սպորտային կառույցը, որը Հայաստանի անկախության 25 տարվա մեջ կմասնակցի Ռուսաստանի առաջնությանը: Խոսքը վերաբերում է այդ երկրի բասկետբոլի տղամարդկանց սուպերլիգայի 1-ին դիվիզիոնի մրցաշարին: «Ուրարտու» ակումբի ստեղծման հիմնական նպատակն այն է, որ մյուս տարվանից Հայաստանի բասկետբոլի հավաքականը պետք է մասնակցի աշխարհի առաջնության ընտրական փուլին, իսկ մարտունակ թիմ ունենալու համար հարկավոր է մշտապես մասնակցել բարձր մակարդակ խաղերի», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ակումբի սպորտային տնօրեն Արթուր Նազարյանը: «Մեր թիմը այժմ հիշեցնում է փոքր ձնագնդիկի, որով խաղում են երեխաները: Բայց երբ այն գլորվում է, գնալով մեծանում է եւ վերածվում հսկա ձնագնդի: Մենք այժմ այդ ճանապարհի վրա ենք, աստիճանաբար հավաքում ենք նոր հովանավորներ, խաղացողներ, համակիրներ: Հուսով եմ, որ մեր թիմը կկայանա եւ մեծապես կնպաստի հայկական բասկետբոլի զարգացմանը», - նշեց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը: Փորձառու մասնագետին մտահոգում է միայն այն, որ թիմը դեռեւս 100 տոկոսով պատրաստ չէ առաջիկա խաղերին: «Ուրարտուն», ցավոք, 100 տոկոսով պատրաստ չէ առաջիկա խաղերին: Մեզ չհաջողվեց լիարժեք նախապատրաստական փուլ անցկացնել, քանի որ լեգեոնականները ուշ միացան թիմին, ուստի բասկետբոլիստները դեռեւս լավ չեն հասկանում միմյանց խաղահրապարակում: Սակայն շատ հետաքրքիր թիմ է հավաքվել եւ համոզված եմ, որ «Ուրարտուն» ցույց կտա այնպիսի խաղ, որը դուր կգա մարզասերներին», - եզրակացրեց Տիգրան Գյոկչյանը: Նշենք, որ մեր թիմն իր առաջին հանդիպումը Ռուսաստանի առաջնությունում կանցկացնի վաղը, հոկտեմբերի 6-ին, երբ «Դինամո» մարզադահլիճում կընդունի «Ռյազան» թիմին: Խաղը կսկսի ժամը 19:00-ին: Մուտքի տոմսերի արժեքը 1500 դրամ է: