Զ. Փոստանջյանը քաղաքական հանդիպումներ է սկսել մարզերում (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ԿԸՀ նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանի թեկնածության քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ, այո, ՀՀԿ-ն գործով է զբաղված՝ ընտրակեղծարարության շարունակականությունն է ապահովում. «Դրա վառ օրինակը ԿԸՀ անդամներն են, որոնք իրենց դիմագիծը չեն փոխել. ՀՀԿ-ն նույն մոտեցումներն է ցուցաբերում: Կեղծարարության, իշխանության բռնազավթման նույն ցիկլի մեջ ենք: 2017թ. ԱԺ ընտրությունները ընտրություններ չեն լինելու, եթե իրենց սցենարով շարժվենք, էլի կեղածարարություն, յուրացում կլինի: Հիշեցնեմ, 2008թ. մեր արտաքին պարտքը կազմում էր երկու մլրդ դոլար, հիմա այն հասնում է 6 մլրդ-ի, որը կազմում է ՀՆԱ-ի 60 տոկոսը: Պատկերացնում եք՝ եթե այս մարդկանց հետ գնանք առաջ, կորցնելու ենք մեր պետականությունը»: Նրա խոսքով՝ սրանից հետո լինելու են ընդվզումներ, քանի որ իշխանությունը հնարավորություն չի ունենալու փակել այս եւ այլ պարտքեր. «Կամա, թե ակամա մտնում ենք շատ վտանգավոր շրջափուլ: Ընտրության իրավունքն էլ եք մենաշնորհ դարձրել, որ միայն աղքատ քաղաքացիները մասնակցեն ընտրություններին, որ նրանց պարտադրեք ձեր ցանկությունները: ՄԱԿ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր ՀՀ հինգերորդ երեխա, քաղցած է: Սա է ձեր ռեսուրսը. դուք հրաժարվել եք համահայկական մեր ռեսուրսից: Ամեն ինչ բախվում է նրան, որ ՀՀ-ում ու սահմաններից դուրս հնարավորություն չունեն զբաղվելու քաղաքականությամբ: Մեր խնդիրն է՝ զբաղվել, ստեղծել համահայկական օջախներ, որոնք զբաղվեն քաղաքականությամբ, հակառակ դեպքում կորցնում ենք մեր պետականությունը, ապագա հնարավորությունները»: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ սկսել է քաղաքական հանդիպումներ աշխարհասփյուռ հայության հետ, նաեւ՝ ՀՀ մարզերում: