Պատգամավորը պետք է պատժվի տրանսֆոբ հայտարարության համար. ԵԽ ՌԱԵՀ
Հայաստանում հնարավոր չէ համապարփակ ձևով պայքարել ռասիզմի կամ ռասայական խտրականության դեմ։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի հիմնադրած՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) այսօր հրապարակած հինգերորդ զեկույցում։ Որքան էլ որ Հայաստանի իշխանությունները հանձն են առել իրականացնել նշանակալի օրենսդրական նախաձեռնություններ, այնուամենայնիվ քրեական, քաղաքացիական և վարչական օրենսդրությունը տուժում է բազմաթիվ թերությունների պատճառով։ Հանձնաժողովը բարձրաձայնում է, թե նախորդ զեկույցից հետո արձանագրված առաջընթացի, թե խնդիրների մասին։ Զեկույցը ներկայացնում է իրադրությունը 2010թ դեկտեմբերից մինչեւ 2016 թվականի մարտի 17-ը։ Հեղինակները փաստում են ՝ Հայաստանը վճռականություն է դրսևորել ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարում. իշխանությունները ձեռնամուխ են եղել համապարփակ խտրականության դեմ օրենսդրության մշակման գործին։ Ինտեգրման ոլորտում Հայաստանը միջոցներ է ձեռնարկել Սիրիայից մարդկանց մեծ ներհոսքի ինտեգրման ուղղությամբ։ Օրինակ՝ իշխանությունները բացել են ինտեգրման կենտրոն։ Բայց Հանձնաժողովը սա բավարար չի համարում։ Արձանագրելով հանդերձ որոշակի առաջընթաց մեր երկրում՝ զեկույցի հեղինակները նկատել են ատելություն սերմանող խոսքի աճ , որը հանգեցնում է բռնության գործողությունների։ Դրա հիմնական թիրախներն են ԼԳԲՏ համայնքի անդամները և ոչ ավանդական կրոնական խմբերի անդամները։ «Այս իրավիճակն է՛լ ավելի անհանգստացնող է՝ հաշվի առնելով ռասիստական և հոմոֆոբիայի/տրանսֆոբիայի հողի վրա կատարված հանցագործությունների մասին հաղորդումներ չտալու բարձր մակարդակը և որ ատելության կամ խտրականության հողի վրա կատարված հանցագործությունների քննության վերաբերյալ քրեական, քաղաքացիական և վարչական իրավունքի դրույթների արդյունավետությանը լրջորեն խոչընդոտում են օրենսդրական թերությունները»,- ասված է զեկույցում։ «Մենք հատկապես մտահոգված ենք այս երևույթի չափերի և քրեական վարույթների սակավաթվության միջև առկա հակադրությամբ,- ասել է ՌԱԵՀ-ի նախագահ՝ Քրիստիան Ահլունդը,-Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2011թ.-ից ի վեր հետաքննվել է ընդամենը երեք հանցագործություն, որոնցից մեկն է ավարտվել դատապարտմամբ։ Տուժողները, ըստ երևույթին, չեն ցանկանում հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնել ոստիկանությանը։ Կոչ եմ անում իշխանություններին՝ ապահովել, որպեսզի ԼԳԲՏ անձանց կամ նրանց իրավունքները պաշտպանողների նկատմամբ հանրության շրջանում հրահրված բռնությունների և ատելության, հատկապես՝ սպառնալիքների բոլոր դեպքերը քննվեն և, համապատասխանաբար, պատժվեն»։ Բացի այդ՝ քաղաքական դիսկուրսը հաճախ պարունակում է այս խոցելի խմբերի հանդեպ խարանող բնույթի հայտարարություններ, ինչը նպաստում է բնակչության շրջանում ռասիստական և անհանդուրժող վերաբերմունքի պարզունակացմանը։ Այս հարցի առնչությամբ ՌԱԵՀ-ն ափսոսանք է հայտնում, որ իշխանությունների կամ քաղաքական առաջնորդների կողմից բացակայում է 2012թ. մայիսին Երևանում համասեռականների ակումբի հրկիզմանը հետևած հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի հայտարարությունների ցանկացած դատապարտում։ Անհրաժեշտ է նաև լրատվական էթիկայի կանոնագիրք, որը կներառի ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի դեմ հստակ դրույթներ։ Խորհրդարանում վարքագծի կանոնների կիրառումը պետք է պատիժ նախատեսի խորհրդարանականների կողմից ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի համար։ Իշխանությունները պետք է հետաքննություններ և հետապնդումներ նախաձեռնեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնության կամ ատելության հրահրման կամ սպառնալիքների բոլոր դեպքերում։ Հայաստանի իշխանությունները պետք է ատելություն սերմանող խոսքը և հոմոֆոբիայի/տրանսֆոբիայի հողի վրա կատարված բռնությունները դատապարտող հրապարակային հայտարարություն անեն։ ՌԱԵՀ-ը նաև նշել է ադրբեջանցիների և հրեաների դեմ ուղղված անհանդուրժող հայտարարությունների և «գենդերային հավասարություն» հասկացությանն ընդդիմանալու մասին, որը կրոնական ու պահպանողական առաջնորդների կողմից ընկալվում է որպես հակահայկական և ոչ ավանդական։ Դեռևս չկա ինտեգրման համապարփակ քաղաքականություն, շարունակվում են հայկական էթնիկական ծագում չունեցող միգրանտների նկատմամբ խտրականության դրսևորման վերաբերյալ պնդումները, և իրենց սոցիալական ինտեգրման համար միգրանտներին չի տրամադրվում բավարար տևողությամբ աջակցություն, -նշվում է զեկույցում։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի առաջարկությունների ամբողջական ցանկը ստորեւ.
- ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ իշխանություններն իրենց քրեական իրավունքը, ընդհանուր առմամբ, համապատասխանեցնեն Ընդհանուր քաղաքականության թիվ 7 հանձնարարականին, ինչպես մատնանշված է նախորդ պարբերություններում, մասնավորապես՝ դրանք պետք է (1) «արգելված հիմքերի» ցանկում բացահայտորեն ներառեն մաշկի գույնը, լեզուն, ազգությունը (ինչն ընկալվում է որպես քաղաքացիություն), ազգային կամ էթնիկական ծագումը, սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը, (2) քրեականացնեն բռնությունների հրահրումը և ռասայական խտրականության հրահրումը, (3) քրեականացնեն ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների հանրային ժխտումը, պարզունակացումը, արդարացումը կամ համակերպումը։
- ՌԱԵՀ-ը վերստին առաջարկում է, որ Հայաստանի իշխանություններն ընդունեն խտրականությունն արգելող քաղաքացիական և վարչական համապարփակ օրենսդրություն, որում նաև պետք է ներառվեն ՌԱԵՀ-ին հետաքրքրող հիմքերը կյանքի բոլոր ոլորտներում։ Այս կապակցությամբ այն վկայակոչում է իր Ընդհանուր քաղաքականության թիվ 7 հանձնարարականը։
- ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի խտրականության դեպքերում օրենքը նախատեսի ապացուցման բեռի բաշխում։ Ի հավելումն, ՌԱԵՀ-ն առաջարկում է իշխանություններին փոփոխություններ կատարել Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում՝ նրան լիազորելու քննել խտրականության վերաբերյալ բողոքները, նաև ՌԱԵՀ-ին հետաքրքրող հիմքերով, մասնավոր ոլորտում։ Այլապես, իշխանությունները պետք է ստեղծեն հավասարության անկախ մարմին, որը, ի թիվս այլնի, կզբաղվի խտրականության՝ ՌԱԵՀ-ին հետաքրքրող հիմքերով, ինչպես առաջարկվում է ռասիզմի և ռասայական խտրականության դեմ պայքարի ներպետական օրենսդրության վերաբերյալ Ընդհանուր քաղաքականության թիվ 7 հանձնարարականում և ռասիզմի, այլատյացության, հրեատյացության և անհանդուրժողականության դեմ պետական մակարդակով պայքարի մասնագիտացված մարմինների վերաբերյալ Թիվ 2 հանձնարարականում։
- ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը հստակորենավելացվեն Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի արգելված հիմքերի ցանկում և որ Օրենսգրքում ավելացվի դրույթ, որը հստակորենկամրագրի հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը, որպես ծանրացուցիչ հանգամանք բոլոր սովորական հանցագործությունների դեպքում։
- ՌԱԵՀ-ը կրկին առաջարկում է ստեղծել ոստիկանության դեմ հարուցած բոլոր տեսակի բողոքների քննության անկախ մեխանիզմ։
- ՌԱԵՀ-ը վերստին առաջարկում է իշխանություններին առանց լրատվամիջոցների անկախությունը վնասելու սերտ համագործակցել նրանց հետ՝ ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի դեմ հստակ ձևակերպված դրույթներով լրատվական էթիկայի կանոնագիրք ընդունելու, բոլոր լրատվամիջոցների կողմից այդ փաստաթղթի նկատմամբ հավատարմությունը խթանելու և լրատվական ոլորտի մասնագետների համար համապատասխան վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ։
- ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի Խորհրդարանում հնարավորինս շուտ ներկայացվի վարքի այնպիսի կանոնագիրք, որը, ի թիվս այլնի, պատժամիջոցներ է ենթադրում ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ արտահայտությունների համար։
- ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ՝ նրանց ենթադրյալ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով, կամ նրանց իրավապաշտպանների նկատմամբ հանրության շրջանում հրահրված բռնությունների և ատելության, սպառնալիքների դեպքերը քննվեն և, համապատասխանաբար, պատժվեն։
- ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի Հայաստանի իշխանությունները հրապարակային հայտարարություն անեն՝ դատապարտելով հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքը և բռնությունները։ Այն նաև առաջարկում է, որ քաղաքական կուսակցությունները կոշտ դիրքորոշում որդեգրեն հոմոֆոբ/տրանսֆոբ տրամադրությունների դեմ, հատկապես, երբ դրանում ներգրավված են իրենց անդամները։
- ՌԱԵՀ-ը վերստին առաջարկում է, որպեսզի քրեական իրավունքն արդյունավետորեն կիրառվի ռասիստական հողի վրա կատարված բռնությունների և դրանց հրահրման բոլոր դեպքերում, այդ թվում և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի միջադեպերի հետ կապված, մասնավորապես՝ ուշադրությունը բևեռելով իրավապահների կողմից օրենքի նկատմամբ հարգանքին։ Ավելին, իշխանությունները պետք է ամենասկզբից բռնի միջադեպերի քննության և դրանց հետևող բոլոր դատական վարույթների ժամանակ ենթադրյալ ռասիստական և/կամ հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը դարձնեն քննության բաղկացուցիչ մասը։
- ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ Միգրացիոն պետական ծառայության «Ինտեգրման կենտրոնի» սենյակների մի մասը տրամադրվի այն փախստականներին, ովքեր Սիրիայից չեն կամ էթնիկ հայեր չեն։
- ՌԱԵՀ-ն առաջարկում է մշակել ինտեգրման ազգային ռազմավարություն։ Այս ռազմավարությունը պետք է մշակվի շահագրգիռ խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ խորհրդակցությամբ։ Այն նաև համակարգման հստակ մեխանիզմներ պետք է ստեղծի բոլոր համապատասխան նախարարությունների, ծրագրեր իրականացնող գործակալությունների և հավանական դոնորների միջև։
- ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ խոցելի խմբերի ինտեգրման նպատակ հետապնդող ծրագրեր ներառող գործողությունների մի շարք ծրագրերում ընդգրկվի դրանց նպատակների նկարագիրը, ընկալվի, թե շահագրգիռ բոլոր խոցելի խմբերի իրավիճակի ինչ փոփոխություններ պետք է իրականացվեն, ներառվի չափանիշների համախումբ՝ այս խմբերի վրա այդ ծրագրերի ունեցած ազդեցությունը գնահատելու նպատակով, սահմանվեն այն միջոցառումները, որոնք պետք է ֆինանսավորվեն պետական բյուջեից և նրանք, որոնց ֆինանսավորումը պետք է հայթայթել արտաքին դոնորներից։ Այս առաջարկությունը վերաբերում է գործող առանձին ծրագրերին և ապագա բոլոր ծրագրերին, որոնք կբխեն ներկայում ընդունվող ինտեգրման համապարփակ քաղաքականությունից։
- ՌԱԵՀ-ը վերստին առաջարկում է օրենք ընդունել՝ միջնակարգ դպրոցի՝ էթնիկական փոքրամասնություններ ներկայացնող շրջանավարտների համար բարձրագույն կրթության մատչելիությունը դյուրացնելու նպատակով։
- ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի իշխանություններն ուսումնասիրություն իրականացնեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածին (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) օրենսդրության համապատասխանության վերաբերյալ՝ նոր կամ նախընտրած գենդերի ճանաչման հետ կապված քաղաքացիական կարգավիճակի փոփոխության հնարավորության առնչությամբ։ Այն նաև առաջարկում է անհրաժեշտության դեպքում փոփոխել բոլոր համապատասխան օրենքները։
- ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի կառավարությունը համապատասխան մարմնին հանձնարարի մշակել ԼԳԲՏ հարցերի վերաբերյալ գործողությունների ծրագիր, որը պետք է ներառի ԼԳԲՏ անձանց իրավունքների և նրանց կենսապայմանների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման, ԼԳԲՏ անձանց ընկալման խթանման, հավասար վերաբերմունքի նրանց իրավունքն իրականություն դարձնելու, ԼԳԲՏ անձանց պաշտպանող օրենսդրության սահմանման և նախորդ կետերում նկարագրված՝ առավել հրատապ հարցերի լուծման նպատակներ։