Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փորձում եմ փոխհատուցել այն, ինչ խլել են իմ նախնիները»

Մշակույթ
high-fest

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում այսօր հանդիսատեսին կներկայացվի կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի բեմադրած՝ «Հոգիների աճուրդ» ներկայացումը: «Հոգիների աճուրդ»-ը այն ֆիլմի անունն է, որը Ավրորա Մարտիկանյանի կյանքի պատմության հիման վրա էր նկարահանվել, ես այս գաղափարին ավելացրել եմ նաև «Հիշատակ ներկայացնել» խորագիրը, քանի որ այդ հիշատակը ներկայացնելը բուն նպատակն է այս նախագծի»,- նշեց Արսինե Խանջյանը: «Հոգիների աճուրդ»-ը Գերմանիայի «Մաքսիմ Գորկու»  թատրոնի ներկայացումն է, այն իր մեջ ներառում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած Ավրորա Մարտիկանյանի կյանքի պատմությունը: Բեմադրության մտահղացումն առաջացել է 2015թ-ին: «2015թ.-ին ես Բեռլինում էի և հանդիպեցի «Մաքսիմ Գորկու» թատրոնի գեղարվեստական ղեկավարին, որը լինելով թուրք և գերմանական թատրոնի պատասխանատու, հայտնեց, որ 45 օր ցանկանում է տրամադրել Հայոց պատմությանն ու ցեղասպանությանը և առաջարկեց, որ ես էլ մի ներկայացում բեմադրեմ: Որոշեցի, որ այն պետք է լինի Ավրորա Մարտիկանյանի մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց կանադահայ դերասանուհին: Ներկայացման մեջ հանդես եկող Թաներ Շահինթյուրքը ծագումով թուրք է, սակայն Հայոց ցեղասպանության մասին պատմող ներկայացման մեջ խաղալու առաջարկը ստանալուց հետո միանգամից տվել է իր համաձայնությունը: «Ինձ համար մեծ պատիվ է խաղալ այսպիսի ներկայացման մեջ, այսպիսի դերասանների կողքին: Ծնողներս թուրք են, ես էլ ծնվել եմ ցեղասպանության տարիներին Թուրքիայի գլխավոր դաշնակից Գերմանիայում, բայց ընկերներս և հարազատներս բացասական չեն ընդունել իմ դերը և մասնակցությունը այս նախագծին: Ներկայացման միջոցով փորձում եմ փոխհատուցել այն, ինչ խլել են իմ նախնիները 100 տարի առաջ»,- նշեց «Մաքսիմ Գորկու» թատրոնի դերասան Թաներ Շահինթյուրքը: «Հոգիների աճուրդ» ներկայացումը հանդիսատեսի դատին կներկայացվի հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: