Շնորհավորանքներ՝ Արմեն Խանդիկյանին
Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ և ավյուն, ստեղծագործական նորանոր նվաճումներ: «Լինելով արդի հայ թատերական դպրոցներից մեկի ավանդույթների արժանավոր կրողն ու շարունակողը՝ Դուք, որպես գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, նոր որակ և շունչ հաղորդեցիք Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին: Հայ և արտասահմանյան հեղինակների գործերի Ձեր բեմադրությունները բարձր գնահատականի են արժանանում ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրի հանդիսատեսի կողմից»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Երեւանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին` ծննդյան 70-ամյակի առթիվ: Ուղերձում նշվում է. «Մի քանի տասնամյակ է Դուք Ձեր ճակատագիրը կապել եք արվեստի եւ մասնավորապես թատրոնի հետ` կայանալով որպես հաջողակ դերասան եւ տաղանդավոր ռեժիսոր: Ձեր բեմադրած բազմաթիվ ներկայացումներ թատրոնի երկրպագուներին պարգեւել են անկրկնելի տպավորություններ` արժանանալով թատերական հասարակայնության բարձր գնահատականին եւ հանդիսատեսի սիրուն: Երկար տարիներ Դուք ղեկավարում եք Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որն աչքի է ընկնում անկրկնելի մթնոլորտով, որի խաղացանկն ու դերասանների վարպետությունը սիրում եւ գնահատում են ոչ միայն Հայաստանում»: Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական ոգեշնչում եւ ամենայն բարիք: