Խութեր՝ ընտրական օրենսգրքում (տեսանյութ)
Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները երաշխիք չեն 2017 թվականին Ազգային ժողովի ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար։ Չեն մոռացվում նախորդ ընտրությունները։
«Մինչև հիմա ընտրակեղծիքներ անընդհատ են եղել։ Ընդ որում՝ ոչ միայն ընտրակեղծիքներ, այլ խայտառակ ընտրակեղծիքներ, այդ թվում՝ ընտրակաշառքներ, ընտրողների նկատմամբ ճնշումներ, վախեցնել, բռնություններ»,- թվարկում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Կատարված փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում քվեարկության պրոցեսը ուղիղ եթերում կհեռարձակվի ընտրատեղամասից, կհրապարակվեն նաև ընտրությունների մասնակիցների անունները։ Սակայն չի թույլատրվի սահմանվածից ավելի դիտորդի ներկայություն տեղամասում։
Արթուր Սաքունցը նշում է. «Ընտրական խախտումների արձանագրողը, բացահայտողը, կանխողը հիմնականում դիտորդները և զանգվածային լրատվական միջոցներն էին։ Հիմա նոր օրենսգրքով հենց այդ ինստիտուտների նկատմամբ են սահմանափակումներ մտցված։ Առանց քաղաքացիական վերահսկողության չի կարող լինել երաշխիք, որ խախտումները կկանխվեն»։
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանն ավելացնում է. «էն տեղամասերում, որտեղ իրենք պատրաստվում են ընտրակեղծիքներ կատարել ու հանկարծ լույսերը կտրվում են կամ տեխնիկական սարքերը փչանում են, իրենց ձեռքում չէ՞ ամեն ինչ»։
Ընտրակեղծիքների ամբողջ ծավալը հայտնաբերելու, արձանագրելու և ապացույցներ ունենալու դեպքում անգամ հնարավոր չի լինի չեղարկել ընտրությունների արդյունքները։ Դատական համակարգն էլ դա թույլ չի տա։
«Ուզում է 25000 խախտում գտնեն, ուզում են 125 000 խախտում գտնեն, Գագիկ Հարությունյանը կասի, որ բավարար չեն փաստերը և կասի, որ ընտրությունները լեգիտիմ են։ Թող մի քանի հոգու բռնեն նստացնեն, ու ոչ թե ամնիստիայով մի ամիս հետո ազատեն, նախօրոք իրեն ասելով, որ դու մեզ ես ծառայել, հանկարծ չմտածես, որ քեզ քցում ենք, ժամանակավոր գնա մեկ ամսով նստի, մի ամսից կազատենք»,- ասում է պարոն Խուրշուդյանը։
Սակայն արդյո՞ք այս խութերը չեն նկատել իշխանությունների հետ համաձայնություն կնքած կուսակցությունները։ Արթուր Սաքունցն այսպես է մեկնաբանում. «ԵԱՏՄ-ի օգտին քվեարկած կուսակցություններ են, ես դա որակում եմ որպես Եվրասիական միության համաձայնություն, հանուն ինչի՞, ամենևին ոչ այն բանի որ ընտրությունները ազատ և արդար լինեն»։
Ի դեպ, իրավապաշտպանի գնահատմամբ՝ լավ ընտրությունների հույս պետք չէ ունենալ հատկապես, երբ ընտրական օրենսգրքում առկա են կայուն մեծամասնության և տարածքային ցուցակներով ռեյտինգավորված քվեարկության գաղափարները։