Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորը չգիտի, թե ինչ է բիզնեսը (տեսանյութ)

Քաղաքականություն
hamlet-harutyunyan

Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջին անգամ էր լսում, որ Հայաստանում մարդկանցից բիզնեսներ են խլում։ Հետո գործարարը տեղեկացավ, որ ընդամենը երեկ դա ասել է նոր վարչապետ Կարեն Կարապետյանը. «Հա, ճիշտ ա ասել Կարեն Կարապետյանը»: Հանրապետական Կարեն Ավագյանը չգիտի, թե ինչու է վարչապետը խոսել Հայաստանում բիզնես խլելու մշակույթի մասին. «Ես երկիր նոր եմ վերադարձել եւ բիզնես խլելու մասին ինձ թվում ա՝ դուք ճիշտ չեք հասկացել»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ բիզնես խլելու մասին խոսելիս Կարեն Կարապետյանը նկատի չուներ բիզնես խլելը. «Նա պարզապես դա ի նկատի ուներ, որ թող բոլորը հանգիստ լինեն, որ բիզնեսները չեն կարող լինել վտանգի տակ»: ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը ենթադրում է, որ նոր վարչապետը ճիշտ չի ձեւակերպել այն, ինչ ուզում էր ասել. «Չեմ կարծում, որ մինչեւ հիմա բիզնեսներ են խլվել»: Բայց եթե վարչապետը նման բան է ասել, ուրեմն գիտի ինչ է ասում, անձամբ պատգամավորը չգիտի էլ, թե ինչ է բիզնեսը. «Բիզնեսը ինձնից հեռու է մոտավորապես 4 միլիարդ կիլոմետր»: Սակայն պատգամավորը համաձայն է, որ Հայաստանը վայրենի կապիտալիզմի մեջ է իրեն բնորոշ թերություններով. «Խլել, քցել, բայց բարեբախտաբար ես այդ գործընթացներից շատ հեռու եմ»: Գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանից գոնե ոչ ոք չի փորձել խլել բիզնեսը: Այնպես որ, գործարար պատգամավորը չգիտի, թե ինչ է անցել Կարեն Կարապետյանի մտքով, երբ խոսել է բիզնեսներ խլելու մասին. «Կա՞ նման բան մեր երկրում»: Փակվող բիզնեսների մասին Հակոբ Հակոբյանը լսել է: Տեղյակ է, որ Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է: Բայց ինչու՞ է 4 տարի Ռուսաստանում աշխատած մարդը պետության գործադիր մարմնի ղեկավար նշանակվելուց հետո  անպատասխանատու հայտարարություն անում բիզնես խլելու մասին. «Դրսից ավելի լավ է երեւում, քան թե ներսից»: