ՀՀ վարչապետը դեմ չէ մոնոպոլիաներին (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նորանշանակ վարչապետից հետաքրքրվեց տնտեսության մեջ առկա մոնոպոլիաներից: Ի պատասխան Կարեն Կարապետյանը նշեց՝ միշտ չէ, որ մոնոպոլիան վատ է. «Շուկան փոքր է, էֆեկտիվ խաղալու դեպքում կարող է նման դիրք ունենալ, սակայն ոչ ադմինիստարատիվ ռեսուսի հաշվին»: Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքի վերաբերյալ հարցին, ապա վարչապետը նշեց, որ ծանոթացել է օրենսգրքի հետ. «Շատ բաներ ինձ համար հարցեր են առաջացնում, դրա մասին կխոսենք»։ ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը հետաքրքրվեց «Նաիրիտ»-ի գործարկումից: «Ինձ անհանգստացնում է այն, որ երբ ներդրողները գալիս են, նրանք չեն պահանջում հեռանկարային էներգակիրների որեւիցե կանխատեսում: Մենք պետք է իլյուզիաներից հրաժարվենք ու թուղթ ու գրիչով խոսենք: «Նաիրիտ»-ի վերագործարկման հերթական փորձերը թանկ են նստում բյուջեի վրա: Եթե լինի տրամաբանական առաջարկ, կքննարկենք, սակայն ես չեմ տեսել մի ներդրող, որ մեր հանրապետությունից թուղթ է ուզել, օրինակ՝ գազի գինն ինչ է լինելու: Պարզ է, որ արդեն մտավախություն կա: Վատն այն է, որ կամայական առաջարկներին վերաբերվում ենք որպես հեքիաթային մի փաստի»,- պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը: