Գեներալ Սեյրան Սարոյան. «Ըտենց պաշտոն ո՞վ ձեռից բաց կթողներ» (տեսանյութ)
Սամվել Ալեքսանյանը Ազգային Ժողովի նոր նստաշրջանում էլ լրագրողների հետ գործ կունենա կանխիկ վճարումով. «Աղջիկ ջան, 500 եվրո տուր, էդ հարցին կպատասխանեմ, սաղ հարցին կպատասխանեմ»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը: Կարո Կարապետյանի համար Կարեն Կարապետյանի կառավարության հետ խորհրդարանի հարաբերությունների եւ հին կառավարության աշխատանքի գնահատման մասին հարց չկա. «Փակ ա, թեման փակ ա, ախպոր պես, գործ չունեք: -Դուք պատգամավոր եք... –Արա, լավ, ասում եմ՝ չէ, հիմա նորից խոսում ես»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանը: Սեդրակ Սարոյանը հավատում է, որ Հովիկ Աբրահամյանն անձամբ է որոշել հեռանալ վարչապետի պաշտոնից. «Թե չէ ըտենց պաշտոն ո՞վ ձեռից բաց կթողներ»: Այս մարդը Հովիկ Աբրահամյանի հրաժեշտի խոսքում նշած հասարակության բեւեռացումը չի տեսել, բայց եթե նրան փոխել են Կարեն Կարապետյանով, ուրեմն ճիշտ են արել. «Կարեն Կարապետյանն իրան ամեն տեղ ցույց ա տվել, ստե էլ ա ցույց տալու»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սեդրակ Սարոյանը: Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության բոլոր թերացումների համար Հանրապետականը պատասխանատու է. «Հովիկ Աբրահամյանն էդ կառավարությունը իր հոր տնից չի բերել»: 1999-ից Հանրապետականը տեր է եւ այս պետության բացասական զարգացումներին եւ դրական: Գուցե պարոն Շարմազանովը հիշեր, թե ո՞ր Հանրապետականն է բանտ նստել մարտի 1-ի 10 սպանության համար. «Պատասխանատուն եւ մեղավորը տարբեր բաներ են»,- ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Էդուարդ Շարմազանովն այդպես էլ չհիշեց, թե տնտեսական ինչ հաջողությամբ աչքի ընկավ Հովիկ Աբրահամյանը: Նախկին վարչապետը հեռանալիս նշել էր, որ հասարակության մեջ առկա է բեւեռացում: Այդ բեւեռացումը վերացնելու մասով Կարեն Կարապետյանի հետ գրեթե բոլոր Հանրապետականներն են հույս կապում, բայց արդյո՞ք այս պետության անհաջողությունները վարչապետով էին պայմանավորված. «Անհրաժեշտություն կա ամբողջ կառավարման համակարգը ցնցել: -Ցնցողն ո՞վ է: -Հանրապետության նախագահն ի պաշտոնե: -Չեք կարծու՞մ, որ խնդիրն իր մեջ է: -Ոչ: Խնդիրն այն մարդկանց մեջ է, որոնք յուրաքանչյուրն իր տեղում նստած չի ուզում ինքնուրույն որոշում կայացնի»,- կարծում է Սամվել Նիկոյանը: Լեւոն Զուրաբյանը ոչ մի սպասելիք չունի Կարեն Կարապետյանից, ինքը գործ է ունենալու Ազգային Ժողովի նույն մեծամասնության հետ. «-Հիմա հարց եմ տալիս՝ էս ռեժիմը, Սերժ Սարգսյանի ռեժիմը ինքը որոշե՞լ է հրաժարվել մենաշնորհներից, կոռուպցիայից, էդ բոլոր բաներից: Էդ դեպքում վարչապետի անձի փոփոխությունը ընդամենը նույն ռեժիմին ավելի գեղեցիկ տեսք տալու մի հատ իմիտացիոն գործընթացի հետ է կապված»: Փոփոխությունների բոլոր տարբերակները Սերժ Սարգսյանի իշխանությունը կիրառել է՝ ոչինչ չի փոխվել Հայաստանում 8 տարվա մեջ: Հետեւաբար, ըստ Լեւոն Զուրաբյանի, փոփոխության ենթական կլանային համակարգն է: