Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեկնածուները թատրոնի կյանքից տեղյակ չեն (տեսանյութ)

Հասարակություն
tatron

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները դեմ են՝ տնօրենի պաշտոնի համար  անցկացվող նոր մրցույթին:  Մրցույթին մասնակցելու համար երկու հայտ է ներկայացվել՝ Մարգարիտա Մինասյան եւ Արաքսյա Կիրակոսյան:  Թատրոնի վաստակավոր դերասան Սուսաննա Բաղդասարյանը նշում է` երկուսն էլ թատրոնի հետ կապ չունեն: « Չեն տիրապետում ընդհանրապես թատրոն օրգանիզմին: Չգիտեն թատրոն օրգանիզմը ի՞նչ է, ստրուկտուրան ի՞նչ է, չէ  որ  ի վերջո ճանապարհները պետք է տանեն դեպի տնօրենի կնիքը՝ եւ վարչական եւ ստեղծագործական»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թատրոնի վաստակավոր դերասանը: Տնօրեն Գեւորգ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, ինչից թատրոնում տեղյակ չեն եղել: Դերասան Արկադի Ղարագուլյանն էլ ավելացրեց, որ տնօրենը զբաղված է եղել թատրոնի բեմի վերանորոգմամբ եւ մոռացել է գործերը ներկայացնել մրցույթի:  Խնդրի մասին դերասանները  տեղյակ են պահել նաեւ Մշակույթի նախարարին, նա խոստացել է դրական լուծում տալ: Եթե խնդիրը դրական լուծում չստանա,  Արկադի Ղարագուլյանի խոսքերով, կոլեկտիվը պատրաստ է ցանկացած ծայրահեղ քայլի: Թատրոնի ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանն էլ ավելացրեց, որ  իրենք անձերի դեմ ոչինչ չունեն, միայն ցանկանում են, որ կոմպետենտ մարդ լինի թատրոնում: Ի դեպ, դերասանները ցանկանում են տնօրենի պաշտոնում կրկին տեսնել իրենց տնօրեն Գեւորգ Խաչատրյանին, ով հանրապետական կուսակցությունից է: «Մեր  տնօրենը երբեք չի ասել, որ գնացեք նրան ընտրեք, բոլորդ էլ գիտեք, որ տնօրեններ կան կանչում սպառնում են, խնդիր են դնում, մեր թատրոնը երբեք չի հայտնվել քաղաքական դաշտում: Հանրապետական կուսակցության դեմ մենք ոչ մի բան չունենք, սա կուսակցական հողի վրա չէ»,- եզրափակեց Սուսաննա Բաղդասարյանը: