ԸՕ-ի գումարը գտել են. Լևոն Զուրաբյանի հայտարարությունը
5-րդ գումարման ԱԺ 10-րդ նստաշրջանին այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ հենց նոր մի տեղեկություն է ստացել եւ ցանկանում է տեղեկացնել, որ այս շաբաթ օրը տեղի ունեցավ ընտրությունների օրինականացման մեխանիզմների վերաբերյալ փաստաթղթի նախաստորագրում, որին մասնակցեցին ԱԺ հինգ խմբակցություն. «Դրանից հետո դոնորների հետ ենք հանդիպել, եւ այդ համաձայնագրի սպասարկման համար 9 մլն դոլարը ամբողջովին հայթայթված է: Միակ խնդիրը հասարակության արձագանքն էր, նրանք էլ հավանություն են տվել ու այսօրվա ասուլիսում հայտարարությամբ են հանդես եկել, որ հաստատում են: Քանի որ ունենք նրանց հավանությունը, ուրեմն ինչքան հնարավոր է՝ արագ պետք է նախաձեռնել այս համաձայնագրի վերջնական ստորագման արարողակարգը, ու այդ հարցի ընդգրկումը ԱԺ օրակարգում»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կարելի է խնդիրը արագացնել. «Երկու օր պետք է, որ օրենսդրական նախաձեռնությունը գա կառավարություն ու ԱԺ, ու կարծում եմ՝ դա այնպիսի օրենք է, որ պետք է արագ օրինականացնենք»: «Տեսնում եք՝ փոխադարձ, միասնական աշխատանքը տալիս է արդյունքներ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս մեկ անգամ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե ուշի-ուշով հետեւում էր ՀՀ օրհներգի ժամանակ, թե ով ինչպես էր իրեն պահում. «Ես միշտ իմ մեջ երգում էի մեր օրհներգը, սակայն այս անգամ ես զարմացած էի՝ ոմանք երգում էին, ոմանք ժպտում էին, մինչդեռ մեր երկրում անդառնալի իրողություններ են տեղի ունեցել, որոնք ուրախանալու տեղ չեն տալիս»: