Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխարհի որ ծայրը գնանք՝ սենց տրանսպորտ չենք տեսնի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
transport

Երևանի ներքաղաքային երթուղիների քանակի ավելացում առաջիկայում չի նախատեսվում։ Մինչդեռ, ամեն օր եւ արդեն քսան տարի կրկնվում են տեսարանները, երբ միկրոավտոբուսում անգամ կանգնելու տեղ չլինելու դեպքում  ուղեւորները փորձում են տեղավորվել։ Ավտոբուսների ավելացումն անգամ իրավիճակին ամբողջովին լուծում չտվեց։ «Ա1+»-ը հարցումներ է կատարել Երեւանի փողոցներում՝ պարզելու համար, թե հատկապես որ երթուղիներից են դժգոհ մեր համաքաղաքացիները;  «Գծեր կան, օրինակ՝ 24-ը, խայտառակ է էդ երթուղային տաքսու վիճակը: Ճիշտ է ավելի վատն էր, մի քիչ փոխել են»։ «Գրեթե 50 տոկոսը վատ է աշխատում, ժամը 8-ից հետո պակասում է, իսկ 10-ից հետո ընդհանրապես չկա տրանսպորտ»,- ասում են մեր համաքաղաքացիները: Խնդիրը ոչ միայն երթուղայինների աշխատանքային ժամանակացույցը եւ ծանրաբեռնվածությունն է, այլ նաեւ աղտոտվածությունն ու հակահիգիենիկ վիճակը: «Մի քիչ մարդավարի պետք է լինի, որ մարդ սպիտակ հագնում է, գալիս՝ տեսնում է ամբողջովին փչացել է զգեստը: Մաքրության հարցը պետք է լուծվի, որ մարդ նստում է՝ չզզվի»:  «Սանիտարական վիճակն ահավոր է, նստում ես, ոտքից գլուխ փոշի ես լինում, միթե հնարավոր չէ, որ վերջին կանգառում մի հատ մաքրեն, լվանան, ապակիները չեն թափանցում»: Ուղեւորներից  շատերը հրաժարվում են նստել երթուղային տաքսիներ՝ սպասելով ավտոբուսի, բայց դրանք էլ են պիկ ժամերին  ծանրաբեռնված լինում։ Ի դեպ,  Երեւանի քաղաքապետարանի  գրավոր տեղեկատվության համաձայն՝ այս տարի մասնավոր ներդրողների կողմից մայրաքաղաք է ներկրվել թվով 10 «ՊԱԶ» մակնիշի նոր ավտոբուս, որոնք շահագործվում են ավտոբուսային թիվ 56 երթուղում։ Ինչ վերաբերում է  նախատեսվածից ավելի ուղեւորների փոխադրմանը՝ քաղաքապետարանից հայտնում են՝  վերահսկողությունը  ոստիկանության գործն է։