Անգելա Մերկելին հաղթածների քարոզարշավը (տեսանյութ)
Բրեքսիթը՝ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունը լքելու վերաբերյալ հանրաքվեն կարող է ազդել գերմանական ՏԻՄ ընտրությունների վրա։
« Բրեքսիթը լավ դաս էր նաեւ մեր երիտասարդների համար։ Շատ երիտասարդներ չմասնակցեցին անգլիական հանրաքվեին, բայց ստիպված են ապրել Բրեքսիթի արդյունքով։ Եթե երիտասարդները մասնակցեին հանրաքվեին, գուցե Մեծ Բրիտանիան մնար Եվրամիության կազմում»,- բացատրում է 46-ամյա գրասենյակային ծառայող Տանյա Բունդուլը, որը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության / SPD/ ցուցակով սեպտեմբերի 11-ին մասնակցելու է Հաննովերի տեղական ընտրություններին։
Գերմանիայում էլ երիտասարդությունը ակտիվ չէ ընտրություններում։ Վերջին տարիների վիճակագրության համաձայն՝ ընտրողների միայն 50 տոկոսն է մասնակցում ընտրություններին:
Տանյա Բունդուլը երկրորդ անգամ է առաջադրվել քաղաքային խորհրդի անդամ դառնալու համար։ Սա հասարակական հիմունքներով պաշտոն է։
«Սա իմ ազատ ժամանակն է։ Ես ցանկանում եմ այն օգտագործել հանուն իմ քաղաքի եւ լավ կյանքի»,- ասում է թեկնածուն հայ լրագրողներին, որոնք Հաննովերում են «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» ծրագրով, որը կազմակերպել է Բեռլինի լրագրության դպրոցը «Լրագրողներ հանուն ապագայի» հայաստանյան ՀԿ-ի հետ համատեղ։
Բայց Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուները առանձնապես ծրագրեր չեն առաջարկում փոփոխությունների համար։
«Ես չեմ ցանկանում ոչինչ փոխել։ Ես ցանկանում եմ շարունակել այն ուղղությունը, որը եղել է անցյալում»,-ասում է Ներքին Սաքսոնիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցող Քրիստինե Ռանկե-Հեքը։
Սա այնքան էլ զարմանալի չէ, քանի որ Ներքին Սաքսոնիայի վարչական կենտրոն Հաննովերի քաղաքապետը հենց այս կուսակցությունից է։ Ու թեեւ քաղաքապետը սոցիալ դեմոկրատ է, որոշ քաղաքացիներ, այնուհանդերձ, մերժում էին վերցնել նախընտրական բուկլետները, որոնք փողոցներում անձամբ բաժանում էին այս կուսակցության թեկնածուները։
Ի դեպ, սեպտեմբերի 11-ին Հաննովերում քաղաքապետ չեն ընտրելու։ 8 տարով ընտրված գործող քաղաքապետը պաշտոնավարելու է մինչեւ 2021թ։
Բայցեւայնպես, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուները առաջիկա կիրակի Ներքին Սաքսոնիայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում չեն բացառում անակնկալները. ընտրողները միշտ անկանխատեսելի են, որքան էլ որ, սեպտեմբերի 4-ին նրանք հաղթել են Անգելա Մերկելի կուսակիցներին՝ նրա իսկ հայրենի՝ Մեքլենբուրգ – Արեւմտյան Փոմերանիա երկրամասում։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել էր ձայների 30.5 տոկոսը:Երկրորդ տեղում՝ երեք տարի առաջ ստեղծված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն էր՝ 21 տոկոս։ Կանցլեր Մերկելի ի ղեկավարած քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանը ընդամենը 19 տոկոս ձայն է հավաքել:
Նման պատկերի հիմնական պատճառը, ըստ վերլուծաբանների, փախստականների խնդիրն է եւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։ Այդ իսկ պատճառով էլ սեպտեմբերի 11-ի ՏԻՄ ընտրությունները համարվում են ստուգողական՝ 2017 թ համապետական ընտրություններից առաջ։
Կարինե Ասատրյան
Երեւան-Հաննովեր-Երեւան