Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Աշխարհի մեծերի տարաձայնություններն ազդում են ԼՂՀ հարցի վրա» (տեսանյութ)

Քաղաքականություն
nar

Սեպտեմբերի 4-5-ը անցկացված G20 գագաթաժողովին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հանդիպումները ոչինչ չտվեցին, Կարծում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ շատերը սպասում էին, որ ԱՄՆ նախագահը կկարողանա համոզել Վլադիմիր Պուտինին՝ փոփոխելու իր քաղաքականությունը ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Սիրայում: «Ինչպես Օբաման կարճ անց հաղորդեց լրատվամիջոցներին՝ ինքը հասկացրել է Պուտին, որ պատժամիջոցները կհանվեն միայն այն դեպքում, եթե Պուտինը հարգի միջազգային իրավունքը, իսկ ՌԴ-ն ակնհայտորեն դա չի պատրաստվում անել, հատկապես չի ուզում ցույց տալ, որ ինքը մեկուսացված է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: G20 գագաթաժողովի առանցքային թեման «Նորարարական, առողջ, փոխկապակցված ու ներառական համաշխարհային տնտեսության կառուցումն» էր, սակայն, ինչպես եւ սպասվում էր՝ հիմնական հանդիպումներն ու զարգացումները քաղաքական էին: Վերլուծաբաններն այս գագաթաժողովից ակնկալում էին նաեւ աշխարհի քարտեզի վերաձեւում՝ ստեղծվելիք Քրդական երկու անկախ պետութան ակնկալիքով՝ մեկը Իրաքում, մյուսը՝ Սիրիայում: «Մեկ անգամ չեն ասել, որ նույն Իրաքը երեք մասի կբաժանեն, Սիրիան՝ մի քանի մասի: Միգուցե այդ գործընթացի սկիզբը դրված է, գնում են քայլերի ու պայմանավորվում են»,- նկատում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: ՀՀ համար կանխատեսումները G20-ի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների առումով այնքան էլ դրական չեն: «Եւ ԱՄՆ-ն, եւ ՌԴ-ն, եւ ընդհանրապես եվրոպական երկրները բավականին մեծ ներգրավվածություն ունեն եւ մեր տարածաշրջանում եւ ղարաբաղյան խնդրում: Այդ տարաձայնություններն անուղղակիորեն պրոյեկտվում են կամ ազդեցություն են թողնում ԼՂՀ խնդրի բանակցությունների եւ ընդհանրապես տարածաշրջանում հակամարտության դինամիկայի վրա»,- վստահեցնում է Ստյոպա Սաֆարյանը: «Երբ աշխարհում մեծերը պայմանավորվում են, շատ հաճախ նրանց պայմանավորվածությունների մեծ մասը լինում է փոքրների հաշվին: Բնականաբար, այստեղ մենք ունենք խնդիրներ՝ ընկալելու, թե ինչ քաղաքականություն կամ հաշվարկներ մենք պետք է անենք, որ դա մեր հաշվին չլինի, կամ, եթե ցանկություն ունենան մեր հաշվին անելու, դա կյանքի չկոչվի»,- կարծում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Բացի այդ, քաղաքագետները հիշեցնում են Սիրայում առկա հայ համայնքի մասին. եթե G20-ում տեղի ունեցած հանդիպումները դրական հետեւանքներ չունենան, առաջին հերթին տուժելու են մեր հայրենակիցները: