Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննեսին կվիրահատեն 2 շաբաթից, իսկ փաստաբանի հարցը քննարկում են

Պաշտոնական
69525

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն արձագանքել է ՀՀ պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանի պահման պայմանների վերաբերյալ վերջինիս պաշտպանի հայտարարություններին: Ներկայացնում ենք  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հաղորդագրությունն ամբողջությամբ. Այսօր  զանգվածային լրատվության միջոցներով հերթական ապատեղեկատվությունն է տարածվել ՀՀ ԱՆ <<Դատապարտյալների հիվանդանոց>> քրեակատարողական հիմնարկում պահվող զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի  կողմից իր պաշտպանյալին իբր քարանձավային պայմաններում, առանց որևէ մասնագիտական բուժօգնություն և խնամք ցույց տալու պահման վերաբերյալ: Հասկանալի է, իհարկե, երիտասարդ փաստաբանի` ցանկացած եղանակով ինքնագովազդվելու և կայանալու ձգտումը, սակայն Քրեակատարողական ծառայությունը ևս մեկ անգամ վստահեցնում է, որ հնչեցվածն ամբողջովին հերյուրանք է, և իրականության հետ որևէ աղերս չունի: Ինչ վերաբերում է այն շահարկմանը, թե Հովհաննես Հարությունյանի վիրահատությունը դիտավորյալ է ձգձգվում, և իրենք չեն վստահում ոչ <<Դատապարտյալների հիվանդանոց>> ՔԿՀ-ի, ոչ էլ <<Էրեբունի>> ԲԿ-ի մասնագետներին, և պահանջում են իրենց կողմից առաջարկված բժշկի եզրակացությունը, ու իբր խոչընդոտվել է նրա մուտքը քրեակատարողական հիմնարկ, նշենք հետևյալը: Հովհաննես Հարությունյանի հարազատների կողմից առաջարկված բժիշկը`Սերոբ Մխչյանը,  երեկ` 24.08.2016թ.,  այցելել է վերոնշյալ կալանավորված անձին, զննել է վերջինիս և համակարծիք եղել թե <<Դատապարտյալների հիվանդանոց>> ՔԿՀ-ի, թե <<Էրեբունի>> ԲԿ-ի վնասվածքաբանների հետ այն հարցի շուրջ, որ Հովհաննես Հարությունյանը պատրաստ կլինի վիրահատության շուրջ 2 շաբաթ հետո: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ փաստաբանի`ստահոդ լուրեր տարածելու միջոցով հանրությանը մոլորեցնելու գործելաոճը արդեն կրում է շարունակական բնույթ, ներկայումս քննարկվում է ՀՀ փաստաբանների պալատ համապատասխան գրություն ուղարկելու հարցը;