Լևոն Բարսեղյանի նկատմամբ եղել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք
«Սերժիկ Սարգսյանը իր բովանդակ խելքով, իր քննչականով ու մենթուրայով չկարողացավ մի գործ սարքել, հազիվ կարողացավ 2 օր պահել»,- քիչ առաջ դուրս գալով ոստիկանության Շենգավիթի բաժնի քննչական վարչությունից՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ ցույց տալով նաև այդ պահին իր ձեռքում գտնվող այն ծալովի դանակը, որի համար նրան մեղադրանք էր առաջադրվել: Վերջինս տեղեկացրեց, որ իր նկատմամբ խոշտանգումներ չեն եղել, սակայն եղել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: «Խոշտանգում քննչականի և ՁՊՎ-ի մասով չի եղել, իսկ Շենգավիթի և Կումայրիի մենթովկեքի մասով եղել է արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունք: Բերման ենթարկելու պահից սկսած՝ ինձ առանց որևէ հիմքի պահել են 16 ժամ շարունակ, մինչև քննիչը մեղադրանք է ներկայացրել: Իսկ այդ ամբողջ ընթացքում այս Շենգավիթի մենթովկում ինձ թույլ չեն տվել օգտվել զուգարանից և ջուր եմ խնդրել, ինձ ասել են, թե ջուրն առաջին հարկում է, իսկ մենք հիմա 3-րդ հարկում ենք, էդ ոնց ջուր բերենք քո համար և այլն և այլն, մոտավորապես նման բաներ»,-տեղեկացրեց նա՝ միևնույն ժամանակ հավելելով, որ դժվար է Բարսեղյանի բառերով՝ մենթերի հետ խոսել արժանապատվությունից, քանի որ նրանք դա հասկանալու շատ մեծ բարդություն ունեն: Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է նա իրեն այժմ զգում: «Ես միշտ էլ զիլ եմ եղել»,-եզրափակեց նա՝ նշելով, որ մնացած մանրամասները կհայտնի իր ասուլիսի ժամանակ: